Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի շրջանավարտները ստացան դիպլոմներ

Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի շրջանավարտները ստացան դիպլոմներ

Ցանկացած ուսանողի համար նշանակալի իրադարձություն է բուհն ավարտելը, իսկ դիպլոմ ստանալու արարողությունը ուսանողների և համալսարանների կյանքում ամենակարևոր պահերից մեկն է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի 2017-2018 ուստարվա մագիստրանտները հուլիսի 4-ին մեծ հանդիսավորությամբ ստացան իրենց դիպլոմները:

Շրջանավարտների կողքին էին համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, ԷԷ ինստիտուտի տնօրեն Հ. Հովսեփյանը, ամբիոնների վարիչներ, վաստակաշատ դասախոսներ, ծնողներ ու հարազատներ:

Մինչ ավարտական վկայականների հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ռեկտոր Ո. Մարուխյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, մենք այսօր իրականացնում ենք մի միջոցառում, որը դասախոսների ու ուսանողների շարունակական աշխատանքի խորհրդանիշն է: Դուք ստանում եք դիպլոմ, որը կարելի է ասել անցաթուղթ է, քանի որ Պոլիտեխնիկական համալսարանը անցել է միջազգային հավատարմագրում: Կցանկանայի, որ արժևորեք այն փաստաթուղթը, որը այսօր ստանում եք, արժևորեք ոչ միայն Պոլիտեխնիկում ստացած գիտելիքները, այլև Պոլիտեխնիկական ավանդույթները: Մաղթում եմ բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի նոր շրջափուլում: Հաջողություններ եմ մաղթում երիտասարդներին, ովքեր պետք է մեկնեն Հայոց բանակ՝ կատարելու իրենց սուրբ պարտականությունը»:

Շրջանավարտներին շնորհավորեց նաև Մ. Բաղդասարյանը, ով բարեմաղթանքների հետ մեկտեղ հորդորեց, որ երիտասարդները չբավարարվեն Պոլիտեխնիկում ստացած գիտելիքներով: Նա նշեց, որ հատկապես տեխնիկական կրթությունը պետք է լինի շարունակական: «Բուհը տալիս է հիմնային գիտելիք, իսկ այդ գիտելիքը դուք պետք է աստիճանաբար զարգացնեք»,-նշեց Մ. Բաղդասարյանը:

Շրջանավարտներին շնորհավորաքի խոսքեր հղեց նաև ԷԷ ինստիտուտի տնօրեն Հ. Հովսեփյանը, նշելով, որ պոլիտեխնիկիցի լինելը պատիվ է: Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին ինչպես բուհի ղեկավարությանը, այնպես էլ յուրաքանչյուր աշխատակցի:

Ջերմ շնորհակալանքի խոսքերով հանդես եկան մագիստրանտներ Ալվարդ Հովհաննիսյանը, Հասմիկ Դալալյանը և Արսեն Հովհաննիսյանը՝ խոստանալով բարձր պահել Պոլիտեխնիկցի լինելու պատվաբեր կոչումը: