Պոլիտեխնիկ այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Պոլիտեխնիկ այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

«Համոզվեցի, որ Պոլիտեխնիկը ֆենոմեն չէ, այլ իրականություն»:

ՀՀ Նախագահ Ա. Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Սա Ա. Սարգսյանի առաջին այցն էր Պոլիտեխնիկ:

Նախագահ Ա. Սարգսյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Իլլինոիսի համալսարանի «Խելացի ռոբոտներ» լաբորատորիայի ղեկավար Ն.Հովակիմյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հ. Մուսայելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բ. Ենգիբարյանը, պրոռեկտորներ Մ. Բաղդասարյանը, Կ. Արզումանյանը, Ա. Գրիգորյանը, դասախոսներ, ուսանողներ շրջեցին գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող նորաբաց Անօդաչու թռչող սարքերի ուսումնահետազոտական կենտրոնում, որով Պոլիտեխնիկում հիմք է դրվում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման:

Կենտրոնի գիտական ղեկավար Օ. Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:

Շրջայցի ժամանակ Նախագահ Ա. Սարգսյանին ներկայացվեց, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Ռեկտոր Ո.Մարուխյանը նշեց, որ ամենաարդիական սարքավորումներով կահավորված այս կենտրոնի ստեղծումը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը:

Այնուհետև նախագահ Ա.  Սարգսյանը այցելեց ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն: Շրջայց կատարեց կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացավ նորագույն սարքավորումներին:

«Schneider Electric – Տաշիր- ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի տնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված «Գերազանցության» կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։

Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնը թույլ է տալիս ոչ միայն պատրաստել ապագա արհեստավարժ մասնագետներ, այլև նոր հնարավորություններ է ստեղծում էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար։

Այնուհետև Նախագահը եղավ ՀԱՊՀ 10-րդ մասնաշենքում տեղակայված Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում: Շրջեց Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով:

Հաջորդիվ ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը ներկայացրեց Ինովացիոն կենտրոնում վերջերս բացված «ՀԱՊՀ ինովացիոն ինկուբատոր»-ը: Նա նշեց, որ ինկուբատորի աշխատանքներն ուղղված են լինելու ինչպես երիտասարդների նորարարական գաղափարների աջակցմանը, այնպես էլ բուհ-շուկա հարաբերությունների զարգացմանը: Ինկուբատորի առաքելությունն է աջակցել ստարտափների և նորարար խմբերի բիզնես գաղափարների զարգացմանը հարմարավետ միջավայր` գիտելիքներ, խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Այնուհետև նախագահը ծանոթացավ 3 տարբեր ստարտափների՝ «Ճամպրուկները տեղափոխող խելացի համակարգ»-ի, «Ղեկին գտնվող մարդկանց համար աչքի դեդեկտոր»-ի և «Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական սարք»-ի համահեղինակների հետ, ովքեր առաջինն են օգտվում ինկուբատորի ընձեռած հնարավորություններից:

Ա. Սարգսյանը բուհում նախատեսվածից երկար մնաց, մասնակցեց ՀԱՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստին:

Ռեկտոր Ո. Մարուխյանը շնորհակություն հայտնեց Նախագահին այցելության համար: Հույս հայտնեց, որ Նախագահը ուշադրության կենտրոնում է պահելու կրթության և գիտության ոլորտը և բուհերը մշտապես զգալու են ՀՀ Նախագահի հզոր աջակցությունը:

Նախագահ Ա. Սարգսյանը նշեց, որ իր աջակցությունը՝ որպես ՀՀ Նախագահ, պետք է լինի իր փորձառությունը, վերաբերմունքը և ուշադրությունը: Ա. Սարգսյանը իր խոսքում նշեց. «Սա ուղակի հերթական այցելություն չէր. Ես իսկապես հետաքրքրված էի Պոլիտեխնիկով և ուզում էի տեսնել այն փոփոխությունները, որոնք եղել են այս բուհում: Սակայն այն ինչ տեսա սպասվածից ավելին էր, փայլուն էր: Ես կարող եմ վստահորեն ասել, որ Պոլիտեխնիկը ֆենոմեն չէ, այլ իրականություն: Ուրախ եմ, որ բացի բարեկարգ լսարաններից, տեսա լավ դասախոսներ և նրանց կողքին՝ փայլուն ուսանողներ»:

Նախագահ Ա. Սարգսյանը խոսեց ՀԱՊՀ Ավագ դպրոցի փայլուն աշակերտական կազմի մասին: Նրանք այն սերունդն են, ովքեր երկիրը պետք է առաջ տանեն: «ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտները ունեն բացառիկ հնարավություն. նրանք 9-10-րդ դասարանից շփվում են դասախոսների հետ և հենց դրանով էլ մեկ քայլ առաջ են: Գիտությունը սպորտի նման է և ունի մրցակցության էլեմենտներ: Ուրախ եմ, որ դպրոցի աշակերտները «մրցում» են ուսանողների հետ» – նշեց Ա. Սարգսյանը:

Հնչեցին հարցեր ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ։

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել՝ միջազգային ինստիտուտների, գիտական կենտրոնների հետ փոխգործակցության հաստատման, արտերկրից մասնագետներ հրավիրելու գործում: