Հուլիսի 28-ին մանկության ծաղկաբույր ու գունագեղ տոն էր Պոլիտեխնիկի մանկապարտեզում։ Մանկապարտեզի վարիչ, հոգեբան-մանկավարժ Նարինե Բախչինյանի գլխավորությամբ հերթական գեղեցիկ միջոցառումն էր անցկացվում՝ նվիրված մանկապարտեզի ավագ խմբի սաների ավարտական հանդեսին:
Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, դեկաններ, ծնողներ և հյուրեր:
Մանկապարտեզի դահլիճը տոնական տրամադրությամբ էին լցրել ավագ խմբի սաները: Տոնական հանդեսին երեխաները երգում ու պարում, արտասանում էին գեղեցիկ ու մաքուր հայերենով՝ գոհունակություն ու մեծ ուրախություն պատճառելով սիրելի ծնողներին, դաստիարակներին ու բոլոր ներկաներին: Երեխաներից յուրաքանչյուրը, ի դեմ հոգատար դաստիարակչուհի Մարուշ Հակոբյանի և դաշնակահարուհի Կարինե Շախկյանի գործադրած ջանքերի և կատարած հսկայական աշխատանքի, յուրովի և ամենայն պատասխանատվությամբ էր պատրաստվել տոնին: Երեխաների աչքերի մեջ արևն էր շողում և դահլիճը լցնում տոնական տրամադրությամբ:
Նշենք, որ փոքրիկներն այս տարի ևս դպրոց կհաճախեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից նվեր ստացած դպրոցական պայուսակներով, ինչը տարիներ շարունակ ձևավորված գեղեցիկ ավանդույթ է:
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին և շնորհակալություն հայտնում մանկապարտեզի աշխատակազմին՝ երեխաներին ճիշտ և հայեցի դաստիարակելու համար: