Պոլիտեխնիկի Գիտական խորհրդի հունիսյան նիստում

Պոլիտեխնիկի Գիտական խորհրդի հունիսյան նիստում

Ս.թ. հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի նախագահությամբ:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ռեկտոր Ո. Մարուխյանը ՀՀ ԿԳՆ պատվոգիր հանձնեց ՃԳ ամբիոնի պրոֆեսոր Կոլյա Սողոմոնյանին և Մշակութային կենտրոնի տնօրեն Արկադի Դուրինյանին, ինչպես նաև պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչման դիպլոմներ համալսարանի մի խումբ դասախոսների, որոնց գիտական կոչումներ էր շնորհվել Գիտական խորհրդի 2018թ. փետրվարի 27-ի նիստում:

Ռեկտորը իրականացրեց ևս մեկ հաճելի արարողություն և «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի կողմից տրված որակավորման բարձրացման վկայական հանձնեց Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանին և ուսանողներ Սոնա Խաչիկյանին, Արման Գալշոյանին, Գևորգ Նազարյանին, Արամ Խաչատրյանին, Մարիամ Մասիսյանին, Տաթևիկ Ավետիսյանին՝ սեմինարներներին հաջողությամբ մասնակցելու համար:

Օրակարգային 1-ին հարցով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Քոլեջի տնօրենի ընտրության կարգի մասին զեկուցեց պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը: Քոլեջի աշխատանքների համակարգող պրոռեկտորը նշեց, որ կարգը մշակվել է հաշվի առնելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքը, Քոլեջի և ՀԱՊՀ կանոնադրությունները: Կարգը ներկայացվեց 4 բաժիններով և 2 հավելվածով: Նշվեց, որ Քոլեջի թափուր պաշտոնատեղի համար բաց մրցույթը հայտարարվում է ռեկտորատի կողմից: Կարգի բոլոր դրույթնեը մանրամասնորեն ներկայացվեց և հաստատվեց Գիտխորհրդի կողմից:

Օրակարգային հաջորդ հարցով Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը ներկայացրեց համալսարանում իրականացված միջազգային հավատարմագրման մասին՝ տրամադրելով հակիրճ տեղեկություններ: Պրոռեկտորը մանրամասներեն խոսեց HCERES և ANECA որակի գնահատման և հավատարմագրման գործակալությունների կողմից ՀԱՊՀ արտաքին գնահատման և հավատարմագրման արդյունքների մասին: Նա նշեց, որ ըստ փորձագիտական խմբի գնահատման արդյունքների HCERES-ի զեկույցի՝ ներկայացված 7 չափանիշներից 4-ը գնահատվել է «լավ», 3-ը «բավարար»: Այնուհետև, ըստ եղած չափանիշների, ՀԱՊՀ-ն ներկայացրել է նոր զեկույց՝ նախկինում արված դիտողությունների և երաշխավորությունների կատարողական ընթացքի վերաբերյալ: Հաջորդ քայլով կնքվել է եռակողմ երկրորդ պայմանագիրը՝ հավատարմագրման գործընթացի փուլերի վերաբերյալ: Արդյունքում, ՀԱՊՀ-ն ստացել է ANECA-HCERES-ի փորձագիտական խմբի երկրորդ, ամփոփիչ զեկույցն իր գնահատականներով և հավատարմագրման հանձնաժողովի որոշումը (2018թ. փետրվար): Ռ. Աղգաշյանը ներկայացրեց նաև որոշման պայմանները, հավատարմագրման հանձնաժողովի կազմը, նրանց կողմից արված դիտողությունները:

Նշվեց, որ հայաստանյան բուհերից առաջինը Պոլիտեխնիկն է, որ ստացել է HCERES և ANECA որակի գնահատման և հավատարմագրման հեղինակավոր գործակալությունների հավաստագիր, ինչը հպարտանալու առիթ է:

Պրոռեկտոր Ա. Գրիգորյանը զեկուցումից հետո առաջարկեց ծափահարել և փաստել, որ սա փայլուն արդյունք է և բուհի համար կարևոր հանգամանք:

Օրակարգային հաջորդ հարցը 2018-2019թթ. ուսումնական տարվա առկա բակալավրի ընդունելության առաջին փուլի ավարտի վերաբերյալ ռեկտորի տեղակալ, Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գ. Վարդանյանի զեկուցումն էր: Նա նշեց, որ այս տարի դիմորդների ընդհանուր թվով մեր համալսարանը երկրորդն Երևանի պետական համալսարանից հետո, փաստ, որ վերջին տարիներին նման արդյունք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ դիմորդների քանակը առաջին փուլում եղել է 503, որոնցից 363-ը հանձնելու է միասնական քննություն «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից, 118-ը միայն «Մաթեմատիկա» և 5-ը «Ֆիզիկա» առարկաներից:

Գ. Վարդանյանը ՀԱՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի պատկերավոր գրաֆիկների միջոցով մանրամասնորեն ներկայացրեց այն ինստիտուտները, որոնք ըստ էության, ապահովում են դիմորդների գերակշիռ չափաքանակը Պոլիտեխնիկում:

Գ. Վարդանյանը մանրամասնորեն ներկայացրեց նաև Մագիստրատուրայի կրթական ծրագրով 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության 1-ին փուլի դիմում-հայտերի պատկերը: Ըստ ամփոփիչ արդյունքների մագաիստրատուրա են դիմել 353 ուսանող՝ անցած տարվա 347-ի փոխարեն:

Գյումրու մասնաճյուղում մագիտրատուրայի ընդունեության համար դիմել են 17 հոգի՝ անցած տարվա 20-ի փոխարեն, իսկ Վանաձորի մասնաճյուղ, ինչպես անցած տարի, դիմել է 12 ուսանող:

Պատասխանատու քարտուղարը, Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց նաև այս ընթացքում ընդունող հանձնաժողովի կատարած գովազդային լայնբամասշտաբ աշխատանքները, այդ թվում iPolytech առաջին համալսարանական հավելվածը:

Օրայկարգային հաջորդ հարցով «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» ծրագրի արդյունքների և հետագա անելիքների մասին զեկուցեց Ա. Գրիգորյանը: Նա խոսեց ծրագրի հեռահար նպատակների մասին: Քննարկվեցին հարցեր այն մասին, թե ինչպես տեխնոլոգիական ինովացիոն հարթակը Պոլիտեխնիկի համար կարող է ունենալ մեկ այլ նշանակալի ազդեցություն ևս՝ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ապահովումը:

Ա. Գրիգորյանն ասաց, որ, ըստ էության, ինժեներատեխնիկական կրթության ուղղությամբ քայլեր են կատարվել երկու հարթության մեջ: Առաջինը տեխնիկայի, լաբորատորիաների ձեռքբերումն է տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում՝ այսպիսով ստեղծելով առաջավոր տեխնոլոգիական լաբորատորիաների համակարգ և երկրորդ՝ փորձ է արվում համադրվող հարթակ ստեղծել, որպեսզի տարբեր ուղղություններով առկա ռեսուրսները հնարավորինս ճիշտ ուղղորդվեն դեպի կիրառական գիտություն:

Ա. Գրիգորյանը նշեց, որ եթե հարթակը կարողանա գիտական կենտրոններ և համալսարաններ կապել մեկ ցանցի մեջ, ապա աստիճանաբար կուտակված այս ողջ ռեսուրսը կկարողանա ծառայել ողջ հանրապետությանը: Արդյունքում՝ ուսանողները կստանան շարժունակություն և կկարողանան պտտվել այս գիտակրթական դաշտում:

Ընթացիկ հարցերի շրջանակում Գիտխորհրդին ՀԱՊՀ ֆինանսական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկություններ հայտնեց Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, գլխավոր հաշվապահ Կ. Խաչատրյանը: Ներկայացնելով 2018թ. հունվար-մայիս ամիսների ֆինանսական հոսքերը՝ նա խոսեց ուսման վարձի զեղչերի վերաբերյալ՝ հայտնելով, որ այս նպատակով 2018-2019 ուս.տարում բուհը ծախսել է 243 մլն դրամ: Նշվեց, որ մեր ուսանողների մոտ 40%-ը օգտվում է ուսման վարձի զեղչից, որոնցից 173 հոգին Ապրիլյան պատերազմի մասնակիցներ են, 12%-ը՝ 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներ: Խոսվեց նաև մնացորդների և ավանդների մասին, որոնց տոկոսներից ևս օգտվում են մեր ուսանողները:

Փակ գաղտնի քվեարկության դրվեց ՀԱՊՀ մի շարք դասախոսների դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցը և հաստատվեց: Հաստատվեցին նաև ատենախոսությունների թեմաներ:

Գիտական խորհուրդը ավարտեց իր աշխատանքը: