Պոլիտեխնիկի շրջանավարտները ստացան դիպլոմներ

Պոլիտեխնիկի շրջանավարտները ստացան դիպլոմներ

Ս.թ հունիսի 20-ին ՀԱՊՀ 1-ին մասնաշենքի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում  թևածում էր տոնական տրամադրություն: Համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան բարձրագույն կրթությունը փաստող վավերագրերը՝ ավարտական դիպլոմները:

Շրջանավարտների կողքին էին համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան Ա. Թադևոսյանը, ամբիոնի վարիչներ Գ. Թորոսյանը, Ս. Դավթյանը, վաստակաշատ դասախոսներ, ծնողներ ու հարազատներ: Նրանք եկել էին իրենց սրտի խոսքն ասելու և բարի երթ մաղթելու իրենց սաներին, հարազատներին, զավակներին` հանրապետության տեխնոլոգիական մայր բուհի շրջանավարտներին, նրանց, ովքեր վաղը կշենացնեն հայրենական տնտեսությունը, կզարգացնեն հայ տեխնիկական միտքը:

Մինչ ավարտական վկայականների հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ռեկտոր Ո. Մարուխյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, հերթական անգամ համալսարանը մեծ դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր սաներին, մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում դարձել էին ինչպես հարազատ զավակներ: Հատկանշական է, որ դուք 85-ամյա Պոլիտեխնիկականի 84-րդ շրջանավարտներն եք: Այդուհանդերձ ուսումնառության այս տարիների ընթացքում դուք մասնագիտացել եք՝ տարեցտարի՝ աստիճանանաբար ուրվագծելով ձեր աշխատանքային հեռանկարները, ձեռք եք բերել այնպիսի որակներ, որոնք կօգնեն ձեզ լինել լիարժեք մրցունակ և համապատասխան ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Մաղթում եմ բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի նոր շրջափուլում: Հաջողություններ եմ մաղթում հատկապես այն երիտասարդներին, ովքեր պետք է մեկնեն Հայոց բանակ՝ կատարելու իրենց սուրբ պարտականությունը»:

Օրվա հերոսներին շնորհավորեց նաև դեկան Ա. Թադևոսյանը, ով բարեմաղթանքների հետ մեկտեղ հորդորեց կյանքում գնահատել ու կարևորել աշխատանքը և երբեք չխզել կապը մայր բուհի հետ:

Շրջանավարտներին շնորհավորական խոսքեր ուղղեցին նաև ամբիոնի վարիչները: Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին ինչպես բուհի ղեկավարությանը, այնպես էլ յուրաքանչյուր աշխատակցի:

Շնորհակալանքի ջերմ խոսքերով հանդես եկան բակալավր Թորիկյան Վռամը և մագիստրանտ Հովհաննիսյան Ասյան՝ խոստանալով հանդիպել որպես կայացած մասնագետ-համագործակիցներ:

Շրջանավարտներին ու հյուրերին իր խոսքով ողջունեց և միջոցառումը վարեց Արմեն Թովմասյանը:  Պարային գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցավ ֆակուլտետի շրջանավարտ Արմենուհի Գասպարյանը, իսկ 2-րդ կուրսի ուսանողուհի Նանե Մարտիրոսյանը հանդես եկավ հրաշալի ասմունքով:

Մեկ ժամ շարունակ իշխեց կենսուրախ, երաժշտությամբ հագեցած մթնոլորտ, որը բոլորին երիտասարդական լիցքեր հաղորդեց: