Պոլիտեխնիկը միացավ Հայաստանում ստեղծված Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնին

Պոլիտեխնիկը միացավ Հայաստանում ստեղծված Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնին

ՀԱՊՀ ռեկտորատի հունիսի 5-ի նիստը սկսվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի տեխնոլոգիաների փոխանցման ասոցիացիայի միջև հուշագրի ստորագրմամբ, որով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը միանում է և ցանցին (ArmCTCN):

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ո. Մարուխյանը և Հայաստանի տեխնոլոգիաների փոխանցման ասոցիացիայի խորհրդի նախագահ Մ. Աբովյանը:

Ռեկտորատի նիստի հյուրերն էին Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Հայաստանի տեխնոլոգիաների փոխանցման ասոցիացիայի խորհրդի նախագահ Միքայել Աբովյանը և փոխնախագահ Կարեն Կարապետյանը:

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը Ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին գլոբալիզացիայի ժամանակակից պայմաններում բևեռացման դեմ նրանց պայքարում։ Կազմակերպությունը համախմբում է գիտելիքները, փորձը, տեղեկատվությունը և տեխնոլոգիաները՝ և դրանով իսկ աջակցելով արտադրողական զբաղվածությանը, մրցունակ տնտեսության զարգացմանը և բնապահպանական կայունության ապահովմանը։

Ռ. Աղգաշյանը նշեց, որ  Հայաստանի տեխնոլոգիաների փոխանցման ասոցիացիան ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) տեխնիկական օժանդակությամբ, նախաձեռնել է  Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և ցանցի ստեղծումը (ArmCTCN): ArmCTCN-ն իրենից ներկայացնում է գործընթացին մասնակցող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համագործակցության շրջանակ, որը բաղկացած է կոնսորցիումից և ցանցից և համագործակցում է կլիմայական տեխնոլոգիաների գլոբալ ցանցի ու կենտրոնի հետ (CTCN): Այն նպատակաուղղված է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման տեխնոլոգիաների խթանմանը, նախընտրելի տեխնոլոգիաների կարիքների բացահայտմանը, տեխնոլոգիական ճանապարհային քարտեզի մշակմանն ու իրականացմանը, գիտելիքի փոխանցմանն ու տեղական տեխնոլոգիաների ներդրմանն ու միջազգայնացմանը:

Նա նշեց, որ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը իր հայաստանյան մասնաճյուղն է ձևավորում, որը պետք է ներառի որոշ հետազոտական կազմակերպություններ, համալսարանական կառույցներ: Ռ. Աղգաշյանը վստահություն հայտնեց, որ համագործակցության եզրերը շատ լայն կլինեն, քանի որ բուհը համագործակցելու է մի կազմակերպության հետ, որը կոգնի, օրինակ, բուհի հետազոտողների որոշ աշխատանքներ առևտրայնացնել, որոշ դեպքերում էլ, եթե դրանք ներկայացնում են կոնկրետ գործնական հետաքրքրություն, ստանան ֆինանսական աջակցություն, այդ մշակումները ավարտին հասցնելու համար:

Այնուհետև Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը նշեց, որ իր համար պատիվ է գտնվել Պոլիտեխնիկում: Նա ներկայացրեց Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և ցանցի գործունեությունը՝ նշելով, որ  այն կլիմայական տեխնոլոգիաների հարթակ է, որը նպաստում է Հայաստանում ստեղծված ցածր ածխածնային և կլիմայի փոփոխությանը դիմակայող էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների արագացված փոխանցմանը` ներկայացնելով այն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաների փոխանցմանը դեպի Հայաստան: Ներգրավելով շահագրգիռ կողմերին, Կոնսորցիումը նրանց հնարավորություն է տալիս ինկուբացնել/ակսելերացնել կլիմայական տեխնոլոգիաները՝  հասանելի դարձնելով  կապը միջազգային/ազգային հիմնադրամների և շահագրգիռ կողմերի միջև, իրականացնելով դրանց փոխանցումը Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և ցանցի (CTCN) միջոցով։