Ապագա Պոլիտեխնիկցիները

Ապագա Պոլիտեխնիկցիները

Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցների երեխաներն այցելել էին իրենց ծնողների աշխատավայր:

ՀԱՊՀ Արհեստակցական կազմակերպությունը՝ Գ. Բալումյանի գլխավորությամբ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպել է «Ցանկությունների կավճանկարչություն» խորագրով մանկական միջոցառում: Աշխատանքն ավարտվելուց հետո ամբողջ բակը վերածվեց ուղղանկյուններով լի մի մեծ մակերեսի, որտեղ փոքրիկ նկարիչները գունավոր կավիճներով պատկերել էին իրենց ցանկություններն ու մտահղացումները: Միջոցառումն սկսվեց մանկական երգերով, որոնց ուրախ մեղեդիների ներքո պոլիտեխնիկցի փոքրիկներին ողջունեց ՀԱՊՀ Արհեստակցական կազմակերպության նախագահ Գևորգ Բալումյանը: Շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` նա փոքրիկներին մաղթեց երջանիկ մանկություն և անամպ, խաղաղ երկինք: Միջոցառմանը մասնակցում էին Պոլիտեխնիկի աշխատակիցների հարյուրից ավելի 5-10 տարեկան երեխաներ և թոռնիկներ: Բոլոր մասնակիցները ստացան նվերներ՝ Տիեզերքի գաղտնիքները հետաքրքրաշարժ գիրքը:

Հունիսի 1-ը՝ ամռան առաջին օրը նշանավորվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը հայտարարեց իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը 1950-ին նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր։