Ընթացիկ այցով Պոլիտեխնիկում էին «Ֆիլիպ Մորիս Արմենիա» միջազգային ընկերության ներկայացուցիչները

Ընթացիկ այցով Պոլիտեխնիկում էին «Ֆիլիպ Մորիս Արմենիա» միջազգային ընկերության ներկայացուցիչները

Մայսի 31-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ընդունեց «Ֆիլիպ Մորիս» միջազգային ընկերության Արևելյան եվրոպայի ռեգիոնի պրեզիդենտ Մարկո Մարիոտտիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին «Ֆիլիպ Մորիս» միջազգային ընկերության Արևելյան Եվրոպա ռեգիոնի կորպորատիվ հարցերով փոխնախագահ Դմիտրի Բելոուսովը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով գիտական համագործակցության և ինովացիաների կառավարիչ Վահե Դանիելյանը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»  ընկերության Էկոհամակարգի ծրագրերով կառավարիչ Մարիամ Դավթյանը և R&D կենտրոնի ղեկավար Միքայել Փիլոյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը և Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:

Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն` ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր`  հիմքեր ստեղծելով  Հայաստանում «Ֆիլիպ Մորիս»-ի հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույց հիմնելուն։

Պոլիտեխնիկական համալսարանի հետ կնքված հուշագրի համաձայն՝ ընկերությունը նախատեսում է համալսարանի տարածքում հիմնել գիտահետազոտական կենտրոն:  Կենտրոնը պետք է գործի երկու հիմնական ուղղությամբ՝ հետազոտություն, նորարարություն և կրթական ծրագրեր:

Հանդիպման ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը ողջունեց գործնական առաջարկով Հայաստան ժամանած աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչներին և նշեց, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոնի հիմնումը մեր համալսարանում դրական քայլ է,  քանի որ Պոլիտեխնիկը մշտապես ուշադիր է եղել նորարարությունների նկատմամբ՝ փորձելով առաջավոր միտքը բերել Հայաստան և տեղայնացնել: Դրա փայլուն օրինակներից են «Շնայդեր էլեկտրիկ – Տաշիր – ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնը, Անօդաչու թռչող սարքերի կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները որոնք հաջող գործունեություն են ծավալում Պոլիտեխնիկում:

«Ֆիլիպ Մորիս» միջազգային ընկերության Արևելյան Եվրոպայի ռեգիոնի պրեզիդենտ Մարկո Մարիոտտին նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանն ունի նորարարական և հետազոտական կենտրոնների հիմնադրմանն ուղղված միջազգային համագործակցության լայն փորձ։ Ինտելեկտուալ և մարդկային ներուժը գիտության ոլորտում դարձել է Հայաստանի ամենաուժեղ ակտիվներից մեկը։ Այժմ ավելի քան երբևէ R&D (հետազոտությունն ու մշակումը), ինչպես նաև գիտությունն ու տեխնոլոգիան ծայրահեղ կարևոր են երկրի առաջխաղացման և զարգացման համար։ Եվ այս տեսակետից «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը շահագրգռված է ստեղծել երկարաժամկետ համագործակցություն:

Պոլիտեխնիկում բացվելիք ինովացիոն կենտրոնն իր տեսակով նոր և եզակի է լինելու, իսկ մոդելը հետագայում հնարավոր է օգտագործվի այլ երկրներում՝ գիտական կենտրոններ ձևավորելու նպատակով:

«Ընկերության ամբողջ գիտական հետազոտությունները ներկայումս իրականացվում են «Ֆիլիպ Մորիս»-ի՝ Շվեյցարիայի և Սինգապուրի կենտրոններում: Պոլիտեխնիկում բացվելիք կենտրոնը երրորդն է լինելու աշխարհում»,-նշեց Վահե Դանիելյանը:
Պոլիտեխնիկում բացվելիք «Ֆիլիպ Մորիս» ընկերության կրթական լաբորատորիայում և գիտահետազոտական կենտրոնում կմշակվեն լուծումներ՝ պատվիրված «Ֆիլիպ Մորիս»-ի R&D կենտրոնների կողմից և ոչ միայն: Նախատեսվում է, որ շվեյցարական հետազոտական կենտրոնի աշխատանքների որոշակի մասը, ինչպես նաև ուղղություններ, որոնք այնտեղ դեռ չեն մշակվում, կիրականացվեն հայաստանյան կենտրոնում: Տեսլականն է հիմնադրել և իրականացնել միջոլորտային համագործակցություն հետազոտական կենտրոնների և տեղական ընկերությունների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նորարարություններ իրականացնելու համար։