«Քիմիայի իմացության մրցույթ» Պոլիտեխնիկում

«Քիմիայի իմացության մրցույթ» Պոլիտեխնիկում

ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում մշտապես մեծ աշխատանք է տարվում դիմորդների ներգրավման և ապագա մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Ֆակուլտետում համոզված են, որ քիմիան այն գիտությունն է,  որն ուսումնասիրելու դեպքում այն կդառնա յուրաքանչյուր մարդու ամենասիրած առարկաներից մեկը: Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գիտեն գիտելիքի ճիշտ մատուցման  ձևը և պատրաստ են քիմիայի հետաքրքիր աշխարհի դռները բացել յուրաքանչյուր աշակերտի ու դիմորդի առջև:

Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-րդ տարեդարձի առթիվ իրականացվող միջոցառումների շրջանակում մայիսի 12-ին ՀԱՊՀ ՔՏ և ԲՃ ֆակուլտետում առաջին անգամ դպրոցականների համար անցկացվեց «Քիմիայի իմացության մրցույթ»՝ 10 թիմերի մասնակցությամբ, որոնց կազմում էին Երևանի, Հրազդանի, Փարաքարի, Արմավիրի, Մեծամորի և Մերձավանի դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտները:

Մրցույթի նպատակն էր խթանել հանթակրթական դպրոցների աշակերտների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ, նպաստել նրանց գործնական հմտությունների զարգացմանը և, ամենակարևորը, ամրապնդել կապը Պոլիտեխնիկի և դպրոցների միջև:

Միջոցառումը անցկացվում էր 3 փուլով: Մրցույթի առաջին փուլը անցկացվել է դպրոցներում ձևավորելու համար թիմ՝ կազմված 4-5 աշակերտներից: Առաջին փուլի անցկացման համար ֆակուլտետի կողմից դպրոցներին տրամադրվել է առաջադրանք 50 հարցերից բաղկացած, ընդգրկելով բոլոր այն թեմաները, որոնք ներառված էին 2-րդ փուլի առաջադրանքում:

Մրցույթի երկրորդ փուլը անցկացվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում: Երկրորդ փուլի արդյունքները գնահատելու համար ձևավորվեց ժյուրի հետևյալ կազմով՝ 2 դասախոս Պոլիտեխնիկից՝ Գեղեցիկ Հովհաննիսյանը և Մարիետա Սիրականյանը և 3 ուսուցիչ դպրոցներից՝ Գայանե Հարությունյանը (Հրազդանի թիվ 1 դպրոց), Տիրուհի Պապոյանը («Էլիտա» կրթահամալիր) և Լուսինե Ստեփանյանը (Արմավիրի թիվ 1 դպրոց): Այս փուլում մրցույթը խմբային էր, բոլոր թիմերին տրվել էր նույն առաջադրանքը՝ բաղկացած հարցերից:

«Թիմային մրցույթում աշակերտները դրսևորեցին բարդ քիմիական խնդիրներ լուծելու, դրանք համոզիչ ձևով ներկայացնելու ունակություններ ու հմտություններ», – նշեց ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան, միջոցառման կազմակերպիչ Ա. Թադևոսյանը: – Հատկանշական է, որ ՀԱՊՀ Ավագ դպրոցը ևս մասնակցում էր և գրանցեց բավական բարձր արդյունք,- ավելացրեց դեկանը:

Եզրափակիչ փուլ անցան 5 թիմեր, որոնք երրորդ փուլի համար ստացան առաջադրանք փորձարարական աշխատանք կատարելու համար: Այս փուլի նպատակն էր ստուգել աշակերտների գործնական հմտությունները, լաբորոտորիայում ճիշտ կողմնորոշվելու, նյութերը ճանաչելու և տեղին օգտագործելու, կատարված փորձերի վերաբերյալ հաշվետվություն կազմելու և եզրահանգում կատարելու ունակությունները: Փորձերը կատարվեցին ֆակուլտետի լաբորատորիայում: Բոլոր թիմերին տրամադրվել էր առանձին նույնանման աշխատանքային սեղան և առաջադրանք, որում ներառված էին 3 գործնական բնույթի խնդիրներ: Գնահատման ժամանակ հաշվի առնվեց աշխատանքի կատարման որակը, արդյունքի վերլուծությունը և հաշվետվության կազմումը:

Եվ, այսպես, «Քիմիայի իմացության մրցույթ»-ում հաղթող ճանաչվեց 3 թիմ՝  Հրազդանի  թիվ 13 դպրոցի թիմը՝ 1-ին տեղ (ուսուցիչ` Հասմիկ Մովսիսյան), Փարաքարի դպրոցինը՝ 2-րդ տեղ (ուսուցիչներ` Հեղինե Համբարձումյան և Անահիտ Մարգարյան) և Հրազդանի թիվ 1 դպրոցի թիմը՝ 3-րդ տեղ (ուսուցիչ Գայանե Աթոյան):

Մասնակից բոլոր աշակերտները ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները նաև պատվոգրեր: Բոլոր դպրոցներին տրվեցին թեմատի կգրքեր, բառարաններ, «Պոլիտեխնիկ-85» նշագրով սափորիկներ: Հաղթող դպրոցներին տրվեցին նաև պատվոգրեր և մրցանակներ համապատսխանաբար՝ Հ. Այվազովսկու, Մ. Սարյանի, Հայկական խաչքարեր ալբոմներ: