ՀԱՊՀ Ռեկտորատի նիստում տրվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր

ՀԱՊՀ Ռեկտորատի նիստում տրվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր

Մայիսի 22-ի ՀԱՊՀ ռեկտորատի նիստը սկսվեց հաճելի արարողությամբ: ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը Պոլիտեխնիկի ուսանողներին  հանձնեց Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ:

Ռեկտոր Ո. Մարուխյանն իր խոսքում կարևորեց կրթաթոշակների հանձնման փաստը՝ նշելով, որ Պոլիտեխնիկը տեղ ունի հպարտանալու իր նվիրյալներով։ Ռեկտորը ուսանողներին մաղթեց այնքան հաջողակ լինել, որ մի քանի տարի հետո հենց իրենք կարողանան կրթաթոշակ սահմանել:

Ի շահ ուսանողի և ի նպաստ ուսումնական գործընթացի բարելավման՝ արդեն երրորդ անգամ Պոլիտեխնիկի գերազանց առաջադիմությամբ 30 ուսանող ստացավ Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ:

Հ. Գելեջյանի առաջարկությամբ 2016թ. թվականի հուլիսի 4-ին որոշվեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորողների ինտելեկտուալ ներուժի զարգացման, խթանման հասարակական և ուսումնագիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով սահմանել Պոլիտեխնիկի բարերար Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ, որի աղբյուրն են հանդիսանում Հ. Գելեջյանի կողմից ՀԱՊՀ-ին նվիրաբերված 100000 ԱՄՆ դոլար գումարի՝ ՀՀ բանկային համակարգում ավանդագրված տոկոսները: Բարերարի ցանկությամբ կրթաթոշակ կարող են ստանալ նաև Վանաձորի մասնաճյուղի՝ «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ բակալավրի, մագիստրոսի առկա ուսուցման կրթական ծրագրերով սովորող ուսանողները:

Ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց նաև Երևանի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում ապրիլի 9-12-ը անցկացված ռուսաց լեզվի միջբուհական՝ «Ռուսաստան՝ սեր առանց սահմանների» օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած պոլիտեխնիկցի ուսանողներին, ինչպես նաև նրանց դասախոսներին:

Շնորհակալագրեր ստացան  Հատուկ մրցանակի արժանացած ՀԱՊՀ ուսանողներ Արտաշես Զառուկյանը (Հ 719-3), Վլադիմիր Աբրամյանը (Կ 719-1) և Վիկտոր Կարախանյանը (Կ 718-2):

Ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց նաև Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Սեդա Ասատրյանին և ամբիոնի դասախոս Անժելա Մանվելյանին օլիմպիադայի կազմակերպման գործում ցուցաբերած ակտիվության համար: