Բուհ – գործատու արդյունավետ համագործակցություն. ՀԱՊՀ ուսանողները աշխատանքի են ընդունվել «Յուքոմ» ընկերությունում

Բուհ – գործատու արդյունավետ համագործակցություն. ՀԱՊՀ ուսանողները աշխատանքի են ընդունվել «Յուքոմ» ընկերությունում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Յուքոմ» ընկերության միջև անցյալ տարի փետրվարի 16-ին ստորագրվեց համագործակցության պայմանագիր. սկիզբ դրվեց նոր և շարունակական մի գործընթացի, որի արդյունքն արդեն ակնհայտ է:

Ստորագրված պայմանագրի շրջանակներում Պոլիտեխնիկում բացվեց  «Քոմփյութերային և ցանցային  տեխնոլոգիաներ Յուքոմ լաբորատորիա»-ն, որի միջոցով «Յուքոմ» ընկերությունը ներկայացավ որպես բուհի գործընկեր՝ համատեղ աշխատելով ուսումնական ծրագրերի ուղղությամբ՝ կրթելով իր ապագա կադրերին:

Մայիսի 18-ին, հանդիսավոր պայմաններում, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և  «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը «Յուքոմ» ընկերության և Պոլիտեխնիկի կողմից կազմակերպված  «Տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներին ավարտական հավաստագրեր հանձնեցին:

Ռեկտոր Ո. Մարուխյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այսօր համալսարանում կարևոր իրադարձություն է: «Պետք է ասել, որ բավական հաջող են ընթանում այն գործառույթները, որոնք մենք որդեգրել էինք որպես բուհ-գործատու հարաբերությունների նոր որակ և ուսուցման որակի բարձրացման թիրախային նպատակ: Գրեթե մեկուկես տարի առաջ «Յուքոմ» ընկերության նախաձեռնությամբ մեր համալսարանի տարածքում, մասնավորապես Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտում բացված արդիական ցանցային լաբորատորիան տալիս է իր առաջին  պտուղները: Մեր գործընկերների հետ հարաբերումների ընթացքում ձևավորվել է ուսումնառության մոտիվացման մի նոր համակարգ, որը ըստ էության այսօր ստանում է իր արձանագրումը », – նշեց ռեկտորը:

Ո.  Մարուխյանը մասնավորապես նշեց, որ այս համագործակցությունը ստեղծում է նոր որակ, նոր  խթանիչ գործոններ է առաջացնում ուսումնառության կազմակերպման գործում, ինչն անպայման կբերի հաջողություն: Ո. Մարուխյանը Ռեկտորատի, Գիտական խորհրդի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության և իր անունից շնորհակալանքի խոսք հղեց Հայկ Եսայանին կոնկրետ գործունեության ծավալմամբ համալսարանին սատար լինելու համար:

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հ. Եսայանը իր խոսքում նշեց. «Մեր ընկերությունը շարունակում է գործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ կադրերի պատրաստման առումով: Օրեր առաջ ավարտվեց «Յուքոմ» լաբորատորիայի դասընթացն ուսանողների արդեն 2-րդ խմբի համար: 65 ուսանողներից ընտրվեցին 17-ը, քննությունը հաջողությամբ հաղթահարեցին 16-ը: Մեր մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն այսօրվանից կսկսի հարցազրույցների գործընթացը: Լավագույնները կրկին կհամալրեն մեր գործընկերների շարքը»:

Աշխատանքի ընդունված «Յուքոմ» լաբորատորիայի 11 լավագույն սաները 6 շաբաթվա ընթացքում սերտել են 12 դասից բաղկացած ցանցային տեխնոլոգիաներին վերաբերող բազային գիտելիքները: «Յուքոմ» ընկերության տեխնիկական մասնագետի կողմից իրականացված դասընթացին մասնակցելու համար դիմել են Պոլիտեխնիկական համալսարանի 60 ուսանողներ, որոնցից հարցազրույցի հիման վրա ընտրվել են 15-ը: Ավարտական քննությունը հաջողությամբ հաղթահարել են 11 հոգի, որոնցից 9-ը մարտ ամսվանից աշխատանքի են անցել «Յուքոմ» ընկերության տեխնիկական վարչության մոնիթորինգի  և տեխնիկական աջակցման ստորաբաժանումներում:

Հավելենք, որ ավարտական հավաստագրեր ստացել են միայն այն ուսանողները, ովքեր հաջողությամբ հաղթահարել են քննական փուլը: