INNOCENS նախագծի շրջանակներում Տարազի պետական համալսարանում կայացավ հերթական աշխատաժողովը

INNOCENS նախագծի շրջանակներում Տարազի պետական համալսարանում կայացավ հերթական աշխատաժողովը

2018 թ. ապրիլի 16-ից – 21-ը, ERASMUS+ ծրագրի INNOCENS նախագծի շրջանակներում, Ղազախստանի Հանրապետության Տարազի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցում էին պատվիրակություններ Շվեդիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Բելառուսից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը կազմված էր ՀԱՊՀ-ի և ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչներից: ՀԱՊՀ-ն ներկայացնում էին՝ Ա.Մխիթարյանը, Ս.Մուրադյանն ու Ա.Աբրահամյանը։

Աշխատաժողովն ուղղված էր նորարարական մանկավարժության և ձեռներեցության վերաբերյալ հերթական քննարկումներին, ներկայացումներին, ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքների քննարկմանն ու փորձի փոխանակմանը։

Հանդիպման ընթացքում Ա. Մխիթարյանը ներկայացրեց ՀԱՊՀ պատվիրակության կողմից մշակված «Նորարարական համակարգ» դասընթացի առարկայական ծրագիրը, որն ընդգրկուն կերպով ներառում է ոչ միայն դասընթացի բովանդակությունը, թեմաներն ու ենթակետերն, այլև, դրա հետ մեկտեղ, տրամադրում է անհրաժեշտ գրականության, հիմնական ու լրացուցիչ ռեսուրսների, ըստ երկրների նորարարական համակարգերի առանձնահատկությունների մասին մանրամասն տեղեկատվություն։ Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվող «Նորարարական համակարգեր» և «Ձեռներեցություն» դասընթացները նախատեսվում են իրականացնել մագիստրոսական ծրագրի շրջանակներում, ընտրովի տարբերակով՝ նպատակ ունենալով ուսանողներին ոչ միայն ծանոթացնել նորարարական համակարգի և ձեռներեցության էությանն ու հիմնական գաղափարներին, այլև արթնացնել ու սերմանել նորարարություններ իրականացնելու նկատմամբ հետաքրքրությունև ապահովել դրանք իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններով ու ձեռներեցության գործնական կարողություններով։

Աշխատաժողովի ընթացքում Ա.Աբրահամյանն ու Ս.Մուրադյանը ներկայացրեցին նաև 2017թ. աշնանը պիլոտավորված «Ճյուղային տնտեսագիտություն և մենեջմենթ» դասընթացը, որն առաջին անգամ խառը ուսուցման ձևաչափով դասավանդվել էր «Ռադիոտեխնիկա», «Հաշվողական տեխնիկա» և «Կիբերնետիկա» մասնագիտությամբ հեռակա ուսուցմամբ բակալավրի ուսանողների համար, որում կիրառվել էին նաև INNOCENS նախագծի շրջանակներում ներկայացված նորարարական մանկավարժության սկզբունքներն ու բաղադրիչները։

Նշենք նաև, որ ՀԱՊՀ թիմը նախատեսում է մոտ ապագայում պատրաստել «Նորարարական մանկավարժություն» առցանց դասընթաց և հանդիպում-քննարկումներ՝ նպատակ ունենալով պրոֆեսորադասախոսական կազմին ծանոթացնելու նորարարական մանկավարժության ժամանակակից մոտեցումներին ու հնարավորություններին, որոնք կարող են ներդրվել ՀԱՊՀ ուսուցման գործընթացում։