«Դասախոսական գավաթ-2018»

 «Դասախոսական գավաթ-2018»

Հանդիսավոր մրցանակաբաշխությամբ փետրվարի 8-ին ամփոփվեցին  ՀՊՏՀ «Դասախոսական գավաթ-2018» մարզական խաղերը: ՀՊՏՀ–ի ֆիզդաստի­արա-կության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումն այս անգամ տեղի ունեցավ հունվարի 29-ից փետրվարի 8-ը: Այն մեկտեղել էր հայաստանյան 13 բուհերի ավելի քան 250 մարզասեր դասախոսների, ոգեշնչել ու խանդավառել նրանց առողջ ապրելակերպի հորդորով: Մասնակցում էին ՀՊՏՀ, ԵՊՀ, ԵՊԼՀ, ՀՊՄՀ, ԵՊԲՀ, ՃՇԱՀ, ՀԱԱՀ (Ագրարային), ՀՖԿՊԻ, ՀԱՊՀ, ՀՌՀ (Սլավոնական), ՎՊՄՀ, ՀՖՀ (Ֆրանսիական), ՀԱՀ (Ամերիկյան) դասախոսական թիմերը, որոնք խաղերի շրջանակում մրցեցին  հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ և վոլեյբոլ մարզաձևերում: Բացման խոսքով հանդես եկավ Հովհաննես Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ, ՀՊՏՀ ղեկավարության հովանու ներքո հաջողությամբ  իրականացվում են «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը: Ամբիոնի ղեկավարն ամփոփեց այս տարվա միջոցառումը, նշեց, որ բոլոր առաջնություններն անցել են բարձր մրցակցային մթնոլորտում: Խաղերի կազմակերպմանն աջակցելու համար նա հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի վոլեյբոլի մարզական ֆեդերացիային, հրաձգարանի և շախմատի դահլիճների տրամադրման համար՝ Երևանի պետական և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններին, ինչպես նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ նախաձեռնությանն աջակցելու համար: Ռեկտորը հյուրերի հետ միասին հանձնեց մրցանակակիրների պարգևները:

ՀԱՊՀ-ի  ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնը՝ամբիոնի վարիչ Ա.Ա.Ղոչիկյան, այս տարի նույնպես ակտիվ մասնակցեց բոլոր մարզաձևերից  անցկացվող մրցումներին:

Այսպես, հրաձգության առաջնությունում 1-ին տեղն է զբաղեցրել ԵՊՀ-ն, 2-րդը՝ ԵՊԲՀ-ն, 3-րդը՝ ՀԱՊՀ-ի թիմը: Մեր համալսարանի թիմը ներկայացրել են ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոսներ՝  Մերի Սահակյանը, Հակոբ Դաշյանը ,Արթուր Մանուկյանը:

Սեղանի թենիսի առաջնության մրցանակակիրներն են ՀՌՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀԱՊՀ-ն: ՀԱՊՀ-ի թիմի կազմում հանդես էին գալիս ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոսներ Լևոն Թովմասյանը,Մերի Սահակյանը և «ՀԱՊՀ թանգարան-մշակույթի կենտրոն»-ի ղեկավար Արկադի Դուրինյանը:

Շախմատում 1-3-րդ մրցանակային տեղերն են զբաղեցրել համապատասխա­նաբար ՀՊՄՀ, ԵՊՀ, ՀՌՀ թիմերը: ՀԱՊՀ-ի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը:  Վոլեյբոլում լավագույններն են ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀՊՏՀ թիմերը:

1-3-րդ տեղերը զբաղեցրածները պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով, ինչպես նաև՝ ՀՊՏՀ ղեկավարության կողմից արժանացան հատուկ նվերների:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխ-նախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ  Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի վոլեյբոլի մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ, մարզասերներ: