«Շախմատային» հանդիպում MARUEEB Erasmus+ ծրագրի շրջանակներում

«Շախմատային» հանդիպում MARUEEB Erasmus+ ծրագրի շրջանակներում

Մարտի 23-ին Հայաստանի  ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կայացավ «Շախմատային» հանդիպում MARUEEB Erasmus+ ծրագրի համակարգող Ճենովայի համալսարանի (Իտալիա) պրոֆեսորներ Ջիովաննի Թանդայի և Վինչենցո Բիանկոյի հետ:

Վերջերս MARUEEB Erasmus+ ծրագրի շրջանակներում ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը,  ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը,  Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը, ՀԱՊՀ  Էներգետիկայի  և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի  Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության  ամբիոնի դոցենտ Ռազմիկ Բարսեղյանը մեկնել էին Իտալիա` մասնակցելու Ճենովայի համալսարանում Erasmus+ MARUEEB նախագծի մասնակից համալսարանների պատասխանատուների հերթական հավաք-աշխատաժողովին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցի արդյունքում պրոֆեսոր Ջ. Թանդան ցանկություն էր հայտնել Հայաստանում խաղալ շախմատ: Նա առանձնապես տպավորվել է՝  իմանալով, որ հայաստանյան դպրոցներում անգամ երեխաները սովորում են շախմատ: Ի պատասխան պրոֆեսորի ցանկության՝ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը ծրագրի շրջանակներում մեր երկիր այցելած Ջ. Թանդային և Վ. Բիանկոյին հրավիրել էր  Պոլիտեխնիկական համալսարան՝ շախմատ խաղալու: Պրոֆեսորները մրցեցին ՀԱՊՀ դասախոս, շախմատի կանանց գրոսմայստեր, Հայաստանի կրկնակի  չեմպիոնուհի, շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ  Գալոյանի, ՀԱՊՀ  Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանողուհի Սոնա Ավետիսյանի և ՀԱՊՀ ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովի հետ:

Պրոֆեսոր Ջ. Թանդան խաղի ավարտին ասաց, որ  շատ ուրախ է Հայաստանում խաղալ շախմատ և զարգացնել շախմատային հմտությունները՝ նկատի առնելով նաև շախմատի նկատմամբ Հայաստանում ձևավորված վերաբերմունքը:  Պրոֆեսորը նշեց, որ հիացած է այն մոտեցմամբ, որ  հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Նա նշեց, որ  Հայաստանը այսպիսի մոտեցմամբ և, հատկապես, շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին:

Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում:

MARUEEB Erasmus+ ծրագրի իրականացման ընթացքում գործընկեր համալսարանների միջև պարբերաբար տեղի են ունենում դասախոսական անձնակազմերի այցելություններ: Այցելությունները ներառում են եվրոպական անդամ համալսարաններից դասախոսների այցեր դեպի գործընկեր համալսարաններ Հայաստանում և Ռուսաստանում, ինչպես նաև դասախոսների այցեր Հայաստանի գործընկեր համալսարաններից դեպի Ռուսաստանի գործընկեր համալսարաններ և հակառակը:

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի գործընկեր համալսարանները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) համատեղ կազմակերպել են Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքը: Նշված համալսարանները հրավիրել են բանախոսներին ծրագրի գործընկեր համալսարաններից և կազմակերպել դասախոսությունների և աշխատաժողովների շարք: Առաջիկա միջոցառումների շարքում՝ ապրիլին,  հանդիպումներ կլինեն նաև Պոլիտեխնիկական համալսարանում:

8112 | 011710041 | 010520345