Գրքի շնորհանդես Հասարակական գիտությունների ամբիոնում

Գրքի շնորհանդես Հասարակական գիտությունների ամբիոնում

Մարտի 5-ին ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնում կայացավ  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տասնհինգ պատմագիտական մենագրությունների և ավելի քան հարյուր գիտական հոդվածների հեղինակ Համլետ Գևորգյանի «Հայաստանի Հանրապետության մարտավարությունը Սյունիքում և Արցախում 1918-1920թթ.» մենագրության շնորհանդեսը, որը հեղինակի «Հայ Ազատամարտիկ»  մատենաշարի թիվ 7 գիրքն է:

Պատմագիտական աշխատությունում արխիվային հարուստ սկզբնաղբյուրների, մամուլում և պատմագիտական մի շարք աշխատություններում տեղ գտած  պատմական տվյալ ժամանակաշրջանը լուսաբանող նյութերի քննական վերլուծությամբ  ներկայացվում է 1918-1920թթ. Սյունիքի և Արցախի հայության ազատագրական պայքարն ընդդեմ Ադրբեջանի զավթողական քաղաքականության, որին գործուն կերպով մինչև 1-ին աշխարհամարտի ավարտը օգնում էր Թուրքիան, իսկ պատերազմի ավարտից հետո նաև Հարավային Կովկասում հաստատված Բրիտանական հրամանատարությունը:

Շնորհանդեսին մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ՀԱՊՀ պրոռեկտորները,  Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Ն. Բաղդասարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, դասախոսներ:

Ռեկտոր Ո. Մարուխյանի խոսքով` նշյալ հրատարակությունը թիրախավորել է այնպիսի հարցեր, որոնք հրատապ են եղել ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա: Ռեկտորը ողջունեց Հ. Գևորգյանի նախաձեռնողականությունը և հույս հայտնեց, որ այս մենագրությունը կգնահատվի տարբեր գիտական մակարդակներում: Նա Հ. Գևորգյանին մաղթեց քաջառողջություն և արևշատություն:

Գրող, հրապարակախոս Ա. Շահբազյանը նշեց, որ գրքում կա հսկայական վավերագրական բազա, համարձակ վերլուծություններ և գնահատականներ: Մեզ է ներկայացվում պատմական իրականության լայն ասպարեզ ոչ միայն թվերի տեսքով, այլև գեղարվեստորեն: Այս մենագրությունը եկել է հակազդելու ւ բոլոր այն կեղծ ու ստահոդ նյութերին և հրապարակումներին, որոնք միտված են թերի կամ աղավաղված տարբերակով ներկայացնելու 1918-1920թթ. դեպքերը:

«Յուրաքանչյուր ոք, ով բացի այս գիրքն ու ծանոթանա ներկայացված լայնածավալ փաստագրական նյութերին, այլևս երբեք չի երկմտի, թե ինչ է տեղի ունեցել 1918-1920 թվականներին», – համոզմունք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Սարգսյանը:

Գրքի մասին խոսելով՝ Ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Լ. Սարգսյանը հավելեց, որ այն իսկապես ուղերձ  է հենց երիտասարդներին. «Դուք նոր սերնդին ցույց եք տալիս, որ մեր ծնողները, անգամ դժվարին պայմաններում, պահպանել են ազատության, համերաշխության,  արդարության, լավ ապրելու և հայրենասիրության գաղափարը: Հերթը հիմա երիտասարդներինն է. նրանք ևս պետքէ  կարողանան՝  օգտագործելով ավագ սերնդի փորձը»:

Գրքի մասին ջերմ խոսքեր ասաց և միջոցառումը ամփոփեց Լ. Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով օբյեկտիվ և խիստ ուսանելի աշխատանքի համար:

010 52 03 45