Պոլիտեխնիկը «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2018»-ին ներկայացավ նորովի

Պոլիտեխնիկը «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2018»-ին ներկայացավ նորովի

Ապրիլի 11-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցասրահի բակում տեղի ունեցավ «Կրթություն և կարիերա էքսպո 2018» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացումը,  որը հանդիսանում է կրթության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկը Հայաստանում: Ցուցահանդեսին  մասնակցում է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վ. Մկրտչյանը ողջունեց ավանդույթ դարձած ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին և հյուրերին: Նախարարի տեղակալը իր խոսքում նշեց. ՙՄենք այսօր բացում ենք ավանդական դարձած մի ցուցահանդես, յուրօրինակ մի հարթակ, որտեղ պետք է բուհը հանդիպի գործարարին, աշակերտը և ուսանողը՝  բուհի ներկայացուցիչներին և գործարարներին: Նմանօրինակ հարթակներում մենք լուծելու ենք և մասնագիտական կողմնորոշման խնդիր, և կարողանալու ենք կառուցել մի եռանկյուն, որը այսօր ԿԳ նախարարության կողմից որդեգրած բարեփոխումների հիմքում է դրված. դա գիտություն-կրթություն-տնտեսություն կրթական եռանկյունն է: Հույս ունեմ, որ այս ցուցահանդեսի ավարտից հետո շատ գործարարներ և բուհեր կկարողանան ներկայացնել իրենց առաջարկները և որոշակի գործարքներ կնքել: Այսօր Հայաստանը կանգնած է կարևոր կրթական շրջափուլի առջև, դա թռիչքաձև փոփոխության շրջափուլն է, որտեղ փոփոխությունները սկսվում են հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց բարձրագույն կրթության ոլորտը լավ արդյունքներ կգրանցի վերոնշյալ եռանկյան ամուր կապի շնորհիվ, որին նպաստելու է նաև այսօրվա ցուցահանդեսը՚: Փոխնախարարը շնորհակալություն  հայտնեց Արդյունաբերողների և գործարարների միությանը և ՙԼոգոս էքսպո՚ կենտրոնին՝ ցուցահանդեսի կազմակերպման համար:

Կրթության և կարիերայի նպատակային կազմակերպման ժամանակի պահանջը մասնագիտական ճիշտ կողմնորոշման, կրթական ծառայությունների որակի և ակնկալվող արդյունքի նոր չափանիշներ է սահմանում: Այս տեսանկյունից «Կրթություն և կարիերա էքսպո 2018» ցուցահանդեսը լրացուցիչ հնարավորություն է երիտասարդների համար՝ գնահատելու առաջարկվող կրթական ծառայությունների արդյունավետությունը:

Ցուցահանդեսին ՀԱՊՀ-ն ներկայացավ կրթական, գիտահետազոտական և միջազգային նորարարական ծրագրերով, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի՝ կրթությանը և կարիերային, ինչպես նաև Տպագիր մամուլի 85 ամյակին նվիրված համարներով և առաջին համալսարանական iPolytech հավելվածով:

iPolytech հավելվածը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունելության գործընթացին լավագույնս աջակցող ինֆորմացիոն ծրագրային միջոց է, որն առկա է APP store, Google Play հարթակներում և նախատեսված է ինժեներական կրթությամբ հետաքրքրվող անձանց համար:

Հավելվածի միջոցով դպրոցների աշակերտները, նրանց ծնողները և ապագա դիմորդները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:

Պոլիտեխնիկի ուսումնալաբորատոր ամբողջ բազան ցուցահանդեսի այցելուներին ներկայացնելու նպատակով տաղավարին ներկառուցված էր գերզգայուն ինտերակտիվ մոնիտոր՝ 360stories եռաչափ ակնոցներով: Համակարգը թույլատրում է անմիջապես տաղավարից անցկացնել վիրտուալ տուր Պոլիտեխնիկում: Ցուցադրվում էր նաև «Կրթություն 21-րդ դար»-ին նվիրված Prezi հավելված՝ կազմված Պոլիտեխնիկը ներկայացնող տարածաչափական պատկերներից։

Պոլիտեխնիկը ցուցահանդեսին ներկայացել էր Երևանյան կրթահամալիրով, Քոլեջով և Ավագ դպրոցով: ՀԱՊՀ-ն իր բոլոր ռեսուրսներով՝ ինովացիոն կենտրոններով, նոր ու արդեն վաղուց գործող լաբորատորիաներով ներկայանում է մի հարթակում, որտեղ համագործակցության առաջարկներով հանդես են գալիս մի շարք հեղինակավոր կրթական հաստատություններ:

Նախարարի տեղակալը այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տաղավար, վիրտուալ տուր կատարեց Պոլիտեխնիկում և ծանոթացավ առաջին համալսարանական iPolytech հավելվածին:

Այցելուները Պոլիտեխնիկի ինստիտուտների, ֆակուլտետների, Ավագ դպրոցի և քոլեջի մասին մանրամասն տեղեկություն էին ստանում տաղավարում առկա տեղեկատվական գրքույկներից, որտեղ ներկայացված են նաև բուհի գիտական և նորարարական ենթակառուցվածքները: Տաղավարում ցուցադրված էին Պոլիտեխնիկի ուսանողների տարբեր բնագավառների ձեռքբերումների մասին վկայող հաղթական գավաթներ:

Նմանատիպ ձևաչափով ցուցադրություններն աշակերտներին և ուսանողությանը հնարավորություն են ընձեռում ծանոթանալ մասնագիտություններին, կարիերայում առաջնորդության դերի, աշխատաշուկայում կողմնորոշման և այս բնագավառի մի շարք հրատապ խնդիրների ու մարտահրավերների:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից առաջարկվող կրթական ծրագրերով, բուհի գիտական, հետազոտական կյանքով հետաքրքրված էին բազմաթիվ այցելուներ, որոնք Պոլիտեխնիկի ցուցադրության պատասխանատու, ՀԱՊՀ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակցուհի Լ. Ավագյանի կողմից  ստանում էին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մեր տաղավար այցելում էին թե ավագ սերնդի ներկայացուցիչներ, թե դիմորդներ, և թե ծնողներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 13-ը: