Ասմունքի համադպրոցական մրցույթ ՀԱՊՀ Ավագ դպրոցում

Ասմունքի համադպրոցական մրցույթ  ՀԱՊՀ Ավագ դպրոցում

Ապրիլի 7-ին ՀԱՊՀ Ավագ դպրոցի՝ պոեզիայով հագեցած, ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվեց համադպրոցական մրցույթ:

Դպրոցի 7303 դասարանը լեփ լեցուն էր:  Ներկա էին Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը, դպրոցի  փոխտնօրենները, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր: Ցերեկույթի նպատակն էր մատաղ սերնդի մեջ  շարունակելի դարձնել հայ ասմունքի հարուստ ավանդույթները, բացահայտել նոր տաղանդներ, երիտասարդ սերնդի  ուշադրությունը բևեռել հայրենի գրականությանը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով, սեփական լեզուն արժևորելու և բարձր գնահատելու մշակույթով:

Սահուն և գեղեցիկ ասմունքով հանդես եկան 10-11-րդ դասարանների ասմունքող աշակերտներ  Սիրանուշ Դոխոլյանը, Արմինե Մկրտչյանը, Էդիտա Մարուխյանը,  Հարություն Հարությունյանը, Աննա Հարությունյանը,Կարեն Ղալաչյանը, Ալիկ Գասպարյանը, Սաշա Ղարաղազարյանը, Վարդենի Սերգոյանը, Էմմա Գալստյանը, Ռոզա Չիբուխչյանը, Էլեն Մկրտչյանը, Յուրիկ Հայրապետյանը, Վահե Ներսիսյանը, Ինեսա Հովհաննիսյանը, Ամալյա Պետրոսյանը,  և Հասմիկ Մկրտչյանը՝  ներկայացնելով Հ. Սահյանի, Դ. Վարուժանի, Պ. Սևակի, Վ. Տերյանի, Գ. Նարեկացու և Գ. Էմինի  բանաստեղծությունները:

Այն մտավախությունը , որ մեր օրերում տիրական և թելադրող դարձած «արժեքների» սանդղակում հոգևորը և ազգայինը երկրորդական են, միջոցառման ընթացքում իսպառ վերացավ: Աշակերտները իրենց ելույթներով ապացուցեցին, որ ազգային դպրոցը, մայրենի լեզուն և գրականությունը հայի ինքնության ու դրա պահպանման գրավականն են:  Պատանիներն ու աղջիկները ասմունքում էին գրագետ՝ ունկնդրին  փոխանցելով տեքստային իմաստը և  բովանդակությունը։ Կային աշակերտներ, ովքեր օժտված էին ասմունքելու բնատուր  շնորհքով, ունեին ձայնային լավ տվյալներ և բնական հնչողություն։

Ժյուրիի կազմում էին Ավագ դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը, փոխտնօրեն Ա. Ռեհանյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը,  Հայոց լեզվի ուսուցչուհի Զ. Սահակյանը և 11-րդ դասարանի աշակերտուհի Ի. Բաբայանը, ովքեր ամփոփեցին մրցույթի արդյունքները։ Հաղթող ճանաչվեցին Հասմիկ Մկրտչյանը՝ 1-ին տեղ, Յուրիկ Հայրապետյանը՝ 2-րդ տեղ, Սաշա Ղարաղազարյանը՝ 3-րդ տեղ: Հաղթողներին պատվոգրերը  հանձնեց Ն. Բաղդասարյանը նշելով՝ որ տեխնիկական և բնագիտական  ուղղվածություն ունեցող դպրոցում հիանալի է որ այսքան շնորհալի երեխաներ կան: Ն. Բաղդասարյանը շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, իսկ աշակերտներին ցանկացավ գարնանային խենթություններ և ստեղծագործ վարարումներ, մաղթեց, որ գիտելիք ձեռք բերելու հարցում ևս լինեն այդչափ հաստատուն:

Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհավորեց Ա. Առաքելյանը, նշելով որ բոլոր աշակերտների մեջ տեսավ ազգային արժանապատվության խորը գիտակցում և հայրենասիրություն, մարդկային լավագույն հատկանիշներ, մարդասիրական զգացումներ, ինչը  և դժվարացնում էր ընտրություն կատարելը: Նա նշեց, որ բոլորը արժանի էին հաղթանակի: