Պոլիտեխնիկի տպագիր մամուլը 85 տարեկան է

Պոլիտեխնիկի տպագիր մամուլը 85 տարեկան է

Այսօր՝ մարտի 6-ին, տրվեց Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-րդ հոբելյանական միջոցառումների մեկնարկը, կայացավ «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15 ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառումները: Առաջին անգամ հիմք դրվեց մամուլի և լրատվության ոլորտում «Պոլիտեխնիկական» մրցանակաբաշխության: Առաջին մրցանակները ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը հանձնեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին և Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին:

Մամուլի և լրատվության ոլորտում «Պոլիտեխնիկական» մրցանակաբաշխությունը, սահմանում է հատուկ մրցանակ, որն այսուհետ արժևորելու և գնահատելու է բոլոր այն պոլիտեխնիկցիներին, ովքեր մեծ ներդրում ունեն այս ոլորտում: Մրցանակի հիմքը  «Պոլիտեխնիկ»-ն է իր գրվածքով, տառերի շարունակությունը պահում է բացված թերթը, որի էջերից դուրս եկող խոսափողը խորհրդանշում է թերթի լսելի ձայնը:

Հոբելյանական միջոցառումների մեկնարկին ներկա էին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, «Երևանի գարեջուր» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը և այլք:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը համապարփակ ներկայացրեց թերթի անցած ուղին, կատարված աշխատանքները: «Պետք է նշեմ, որ համալսարանի տպագիր մամուլն իրավազոր է տոնելու իր 85 ամյակը։ 1932 թվականին հիմնադրված «Պրոլետարական ճարտարապետը» ժառանգեց 1933 թվականին ստեղծված Պոլիտեխնիկական ինստիտուտը` վերանվանելով այն սկզբում «Խորհրդային ճարտարապետ», ապա «Խորհրդային ճարտարագետ» և միայն 1957 թվականին սկսեց լույս տեսնել «Պոլիտեխնիկ» անվամբ, և այսօր մենք արժանին ենք մատուցում խմբագրության բոլոր ժամանակների աշխատակիցներին՝ արժևորելով նրանց կատարած աշխատանքը»,- ասաց Ո.Մարուխյանը:

Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և անբասիր աշխատանքի համար, 1970-1980թթ.-ին  «Պոլիտեխնիկ» թերթի գլխավոր խմբագիր Գուրգեն Վարդանյանը պարգևատրվեց համալսարանի Ոսկե հուշամեդալով: Տպագիր մամուլի 85-ամյակի կապակցությամբ ՀԱՊՀ Վաստակագրով պարգևատրվեցին 1997-2001թ. գլխավոր խմբագրի պաշտոնում համատեղությամբ անբասիր գործունեության համար Հասմիկ Պետրոսյանը, պաշտոնաթերթի տպագրման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար Արտակ Տոնոյանը, երկարամյա թղթակից Աղավնի Տեր-Հովհաննիսյանը, թերթում անընդհատ կրթական, ճանաչողական հոդվածներով հանդես գալու համար ՀԱՊՀ Շնորհակալագրերով պարգևատրվեցին Անահիտ Ներսիսյանը, Արտաշես Թադևոսյանը, Ռուբեն Պետրոսյանը, Նելլի Համբարձումյանը, Արկադի Դուրինյանը, Ալեքսանդր Դռնոյանը և Անի Սիմոնյանը:

Արժևորելով տպագիր մամուլի 85-րդ հոբելյանը՝ «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հրատարակման 60-րդ տարում խմբագրությունը պարգևատրվեց ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով:

Շնորհավորելով խմբագրության բոլոր տարիների թղթակիցներին և ներկայիս խմբագրակազմին՝ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Ջանիկ Սևոյանին հանձնեց պարգևը:

Իր ելույթում Ջ.Սևոյանը շնորհակալություն հայտնեց ԿԳ նախարարությանը բարձրագույն պարգևի համար, շնորհավորեց մամուլի և լրատվության ոլորտում «Պոլիտեխնիկական» մրցանակաբաշխության առաջին մրցանակակիրներին և հանդիսավոր կերպով ազդարարեց «Պոլիտեխնիկ» թերթի ցուցահանդեսի բացումը:

Միջոցառումների երկրորդ մասում պոլիտեխնիկցիներին ներկայացվեց ժամանակի պահանջներին համապատասխան, ինտերակտիվ, նորարարական լուծումներով համալսարանի նոր պաշտոնական կայքը:

Կայքը ներկայացրեց համալսարանի ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, ով մանրամասն խոսեց կայքի ընձեռած հնարավորությունների, նորարարական լուծումներով հագեցածության մասին: Գ.Վարդանյանը նշեց, որ կայքն ամբողջապես նախագծվել է համալսարանի ուսանողների կողմից:

Ավարտին պոլիտեխնիկցիները, հյուրերը և ներկաները «Պոլիտեխնիկ» նորակազմ բենդի երաժշտության հնչյունների ներքո շնորհավորեցին միմյանց հոբելյանական միջոցառումների առթիվ և մասնակցեցին պոլիտեխնիկի տպագիր մամուլի ընտրված և բացառիկ համարների ցուցադրությանը:

8112 | 011710041 | 010520345