Պոլիտեխնիկի ռեկտորի շնորհավորական խոսքը Պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյա հոբելյանի առթիվ

Պոլիտեխնիկի ռեկտորի շնորհավորական խոսքը Պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյա հոբելյանի առթիվ

Սիրելի՛ պոլիտեխնիկցիներ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ բուհի 85-ամյակի կապակցությամբ: Այս նշանակալից իրադարձության առթիվ շնորհավորանքի և ջերմ բարեմաղթանքների խոսքս եմ ուղղում բոլոր պոլիտեխնիկցիներին՝ բազմահազար շրջանավարտներին, ուսանողությանը, իր գործին անձնվիրաբար ծառայող պրոֆեսորադասախոսական կազմին ու աշխատակիցներին: Ինչպես նախորդող ժամանակահատվածում, այսօր ևս մեր կրթօջախը հավատարիմ է իր առաքելությանը և հանրապետության տնտեսության կարիքներին ու հասարակության կրթական պահանջմունքներին համահունչ իրականացնում է կրթահետազոտական ծրագրեր և մատուցում դրանց առնչվող ծառայություններ:

Լիահույս եմ, որ մեր կրթօջախը ամեն ինչ կանի պոլիտեխնիկական լավագույն ավանդույթների բազմապատկման համար, առավել ավյունով կշարունակի բարձորակ մասնագետի, հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, օրինապահ, համակողմանի զարգացած և բարոյական արժեքներ դավանող, բառիս ամենալայն իմաստով՝ բարեկիրթ ինժեներների պատրաստման հույժ կարևոր առաքելությունը:

Մարտի 6-ից համալսարանում մեկնարկելու է Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյա հոբելյանական միջոցառումների շարքացանկը: Հավակնոտ ծրագրերը եզրափակվելու են հոկտեմբերին՝ հենց մեր համալսարանում: Ինչպես ընտանիքները հոբելյանները նշում են տանը հարազատներով և բարեկամներով, այնպես էլ մենք այն կնշենք Պոլիտեխնիկական ընտանիքով՝ մեր բոլորի տուն դարձած Պոլիտեխնիկում:

Շնորհավո՛ր ծնունդդ,  Պոլիտեխնի՛կ: