Պոլիտեխնիկում բացվեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Պոլիտեխնիկում բացվեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Փետրվարի 22-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների ցանկը համալրվեց ևս մեկով` Պոլիտեխնիկում բացվեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը,  ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն գիտական ղեկավար Օլեգ Գասպարյանը, համալսարանի ղեկավար և ուսանողական համակազմի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության և պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։

Կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը ողջունեց հյուրերին՝ իր խոսքում մասնավորոպես նշելով. ՙԱյսօր Հայաստանի բարձրագույն տեխնոլոգիական կրթության անվիճարկելի առաջատար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նշանակալից իրադարձություն է։ Մեկնարկում է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անվան ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեությունը, որով դրվում են մեր հաստատությունում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման և այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման ռեալ հիմքերը։ ​Շատ կարճ ժամանակահատվածում սույն կենտրոնի ստեղծումը իրականություն դարձավ շնորհիվ ՀՀ Նախագահ պրն. Ս. Սարգսյանի բացառիկ հովանավորության, «Հայրենիք», ռազմահայրենասիրական հիմնադրամի խոշոր նվիրաբերության և մեր համալսարանի շոշափելի համաֆինանսավորման արդյունքում։ Օգտագործելով պահը, պրն. Նախագահ, պոլիտեխնիկական ողջ հանրույթի կողմից ընդունեցեք մեր խորին շնորհակալանքը ճարտարագիտական, կրթագիտական ոլորտի նկատմամբ ցուցաբերած շահագրգիռ հոգածության և Ձեր մասնակցությամբ այսօրվա շնորհանդեսը պատվելու համար​՚։

Ռեկտոր Ո.Մարուխյանը ներկայացրեց, որ ամենաարդիական սարքավորումներով կահավորված այս կենտրոնի ստեղծումը անխոս կնպաստի ինժեներական կրթության որակի բարելավմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը։ «Կցանկանայի ընդգծել, որ սույն կենտրոնի նմանակը գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը, մեր հայրենակցուհի, պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով սիրահոժար իր վրա է վերցրել մեր կենտրոնի խորհրդատվության ապահովման ու ըստ ամենայնի աջակցման պատասխանատու առաքելությունը​՚,-ասաց ռեկտորը։

Այնուհետև Հանրապետության Նախագահը շրջայց  կատարեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով Պոլիտեխնիկում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմքն է դրվում:

Նախագահին ներկայացվեց, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

«Վիկոն» համակարգը թույլ է տալիս բարձր ճշտությամբ գրանցել անօդաչու սարքի կամ ռոբոտի դիրքը՝ փոխարինելով GPS-ին։ Այս համակարգը զգալիորեն կարագացնի հետազոտությունները՝ թույլ տալով լաբորատորիայում իրականացնել այնպիսի փորձեր,  որոնց համար անհրաժեշտ կլիներ գնալ բաց դաշտ համակարգի բացակայության դեպքում։

Անգլիական «Վիկոն» ընկերությունը աշխարհի բացարձակ առաջատարն է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը արտադրող ֆիրմաների շարքում։ Նրա արտադրանքը լայնորեն օգտագործվում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ ռոբոտաշինությունը, բժշկությունը, բիոմեխանիկան, սպորտը, անիմացիոն ֆիլմերը և այլն։

«Վիկոն» համակարգը իրենից ներկայացնում է ՙVicon Ltd՚ ֆիրմայի արտադրության սարքավորումների և օժանդակ պարագաների մի ամբողջական համալիր, որոնց ցանկը պայմանավորված է պատվիրատուի տեխնիկական պահանջներով: ՀԱՊՀ-ի օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի համար նախատեսված Vicon համալիրը պարունակում է Vero V2.2 քսան օպտիկական տեսախցիկներ, որոնք աշխատում են ինֆրակարմիր տիրույթում, հատուկ Vicon Mocap աշխատանքային կայան, թվային ազդանշանների մշակման հզոր համակարգիչներ և այլն, որոնք տեղադրվելու են հատուկ տարածքում և ապահովելու են 10մx10մx3մ աշխատանքային դաշտ: Այդ համակարգը հնարավորություն կընձեռի իրական ժամանակում գրանցել աշխատանքային դաշտում մի քանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ մեխանիկական օբյեկտների շարժումները միլիմետրերի ճշգրտությամբ և զգալիորեն արագացնել տարբեր տեսակի ԱԹՍ-երի նախագծման և լաբորատոր փորձարկումների գործընթացները:

ՀԱՊՀ-ում ստեղծվող լաբորատորիան ստեղծել է միջավայր,  ինչը թույլ է տալիս ոչ միայն պատրաստել համապատասխան մասնագետներ, այլ նաև հարթակ է այլ երկրների համալսարանների հետ փորձի և գիտելիքի փոխանակման համար, այն հնարավորություն կտա օդային ռոբոտիկայի ոլորտում ներգրավել լավագույն ուսանողներին:

Սույն կենտրոնը գալիս է լրացնելու «Պոլիտեխնոպարկը», որը միավորում է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, ՏՏ ուսումնահետազոտական ու նորարարական կենտրոնը, բազային գիտահետազոտական լաբորատորիաները, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնը, Շնայդեր էլեկտրիկի և Տաշիր կասկադի գերազանցության երկու կենտրոններն ու նորաբաց «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը» և լավագույն նվերն է մեր հաստատության հիմնադրման 85-ամյակի նախաշեմին