Հանդիպումներ Հրազդանի դպրոցներում

Հանդիպումներ Հրազդանի դպրոցներում

Քիմիան գիտություն է, որը կարող է նպաստել ոչ միայն քիմիական ոլորտի, այլև  երկրի  ամբողջ տնտեսության զարգացմանը։ Դեղամիջոցներ, սննդանյութեր, գյուղատնտեսություն, շինանյութեր, կենսատեխնոլոգիա, մեքենաշինություն, էներգետիկա և այլ ոլորտներում ամենուրեք օգտագործվում  են քիմիայի նվաճումները։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը (ՔՏ և ԲՃ) պատրաստում է  պրակտիկ ինժեներներ արդյունաբերության համար։

Այսօր այդ ուղղությունը մնացել է գլխավոր, բայց որակապես փոխվել է պատրաստման բնույթը։ Ֆակուլտետի շրջանավարտը պետք է կարողանա լուծել պրոբլեմները համալիր` գիտություն-արտադրություն-շրջակա միջավայր։ Դա թելադրվում է հասարակության կայուն զարգացման գլոբալ խնդրով։

Վերոհիշյալը նկատի ունենալով, անհրաժեշտ է ներգրավել համալսարանում ուսումը շարունակելու նպատակով  լավագույն դիմորդներին։ Այդ պատճառով ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմն այցելում է  հանրապետության տարբեր մարզերի դպրոցներ` շրջանավարտների հետ հանդիպման  և մասնագիտական կողմնորոշման նպատակով։

Այս անգամ ֆակուլտետի  դեկան, պրոֆեսոր  Ա. Թադևոսյանն ու  տ.գ.թ., դոցենտ Գ. Վարդերեսյանը  այցելեցին Հրազդան քաղաքի մի շարք դպրոցներ։

Առաջինը այցելեցինք Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 Ավագ դպրոց, որտեղ  դպրոցի տնօրեն Հ. Հարությունյանը մեզ ուղեկցեց դասարան, որտեղ հավաքվել էին դպրոցի 11-րդ դասարանների բնագիտական հոսքի աշակերտները։

Պրն. Ա. Թադևոսյանը ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, մասնագիտությունների ցանկը և դպրոցականների  ուշադրությունը սևեռեց այն հանգամանքի վրա, որ հանրապետության  կառավարությունը խիստ կարևորում է  տեխնիկական կրթությունը, մանավանդ` քիմիական և հանքարդյունաբերական ոլորտները։ Ֆակուլտետն ունի  կայուն կապեր գիտական և արդյունաբերական կազմակերպությունների հետ, որտեղ համատեղ պատրաստում են մասնագետներ։

Գ. Վարդերեսյանը դպրոցականներին պատմեց ֆակուլտետի մասնագիտությունների մասին, շեշտելով նոր մասնագիտությունները, խորհուրդ տվեց մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել։

Աշակերտները մեծ ոգևորությամբ ունկնդրեցին և՛ Ա. Թադևոսյանին, և՛ Գ. Վարդերեսյանին։ Նրանց բազմաթիվ հարցերից ոգևորված ուղևորվեցինք Հրազդանի թիվ 10 Ավագ դպրոց։ Այստեղ հանդիպեցինք դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ։ Դպրոցի տնօրեն Ն. Սիմոնյանը ևս շատ էր կարևորում աշակերտների տեղեկացված լինելը, ինչը նպաստում է նրանց մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը։

Աշակերտներին ֆակուլտետի և, առհասարակ, Պոլիտեխնիկական համալսարանի գործունեության վերաբերյալ պատմեց ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկանԱ. Թադևոսյանը։ Նա մանրակրկիտ բացատրեց, թե ինչպիսի գիտելիքներ են ստանում ուսանողները Պոլիտեխնիկում։ Աշակերտները տարաբնույթ հարցեր էին տալիս, և հանդիպումը ընթանում էր ջերմ մթնոլորտում։ Մի շարք աշակերտներ ցանկություն հայտնեցին ուսումը շարունակել Պոլիտեխնիկում։

Հաջորդ հանդիպումը կայացավ Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։ Դպրոցի տնօրենի խոսքով` ամեն տարի դպրոցի շրջանավարտների 70-80 տոկոսը բուհ են ընդունվում։ Հանդիպումը կազմակերպվել էր 11-րդ և 12-րդ դասարանցիների համար։ Ա. Թադևոսյանն ու Գ. Վարդերեսյանը  պարզաբանեցին ուսանողական կյանքիհետ կապված շատ հարցեր և նույնիսկ առաջարկեցին իրենց օգնությունը քննություններին  պատրաստվելու հարցում։

Երեք դպրոցներում էլ  ներկայացվեցին և գովազդվեցին Պոլիտեխնիկի բոլոր ֆակուլտետները,  առկա և հեռակա ուսուցման համակարգերի  մասնագիտությունները, տարվեցին բացատրական աշխատանքներ ընդունելության կարգի, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական  աստիճանների ուսուցման կարգի, ուսանողների շարժունության, ուսման վարձավճարների, ուսանողական նպաստների և զեղչերի, ընդունելության նախապատրաստական դասընթացների մասին: Ա. Թադևոսյանը դպրոցներին նվիրեց գրքեր և այլ անհրաժեշտ տեղեկատվական  նյութեր:

Բոլոր դպրոցներում նկատվում էր հետաքրքրություն ՀԱՊՀ-ի հանդեպ։ Եղավ պայմանավորվածություն ապրիլ ամսին նորից հանդիպել աշակերտների հետ` ավելի որոշակի աշխատանք տանել դեպի քիմիական ոլորտ կողմնորոշված աշակերտների հետ։