Աշխատանքային սեմինար ՀԱՊՀ միջուկային անվտանգության կենտրոնում

Աշխատանքային սեմինար ՀԱՊՀ միջուկային անվտանգության կենտրոնում

Ամբողջ աշխարհում ատոմային էներգետիկան առաջատար դիրքեր է զբաղեցնում և ունի մի շարք առավելություններ էլեկտրական էներգիայի ստացման այլ աղբյուրների համեմատ։ Այն իր դիրքերը չի զիջում, միևնույն ժամանակ գերխնդիր է դառնում միջուկային անվտանգության ապահովման հարցը։

Միջուկային անվտանգությունը Հայաստանի համար առաջնային խնդիր է։ Այս խնդրի լուծմանն ուղղված գործուն մեխանիզմ ստեղծելու ճանապարհին կարևորագույն քայլերից են տվյալ ոլորտի համար մրցունակ կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, ինչպես նաև գիտաժողովների և սեմինարների կազմակերպումը։

Այս նպատակների իրականացմանն է ուղղված ՀԱՊՀ-ում գործող Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնի (ՄԱՏՈՒԿ)  գործունեությունը, որը հիմնադրել և ղեկավարում է ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը։

Նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնում կայացավ «Ատոմային էներգետիկան և նրա դերը ոչ ածխածնային էներգետիկ հաշվեկշռի ապահովման գործում» թեմայով սեմինարը։

Պոլիտեխնիկական համալսարանից սեմինարին մասնակցում էին Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Հ. Հովսեփյանը, փոխտնօրեն Ա. Գևորգյանը, ՀՀ էնեգետիկայի բնագավառի կազմակերպությունների աշխատակիցներ, ՀԱՊՀ-ի ու ԵՊՀ-ի դասախոսներ, ուսանողներ։

Հրավիրված հյուրերն էին Օբնինսկի միջուկային ինստիտուտի ֆիզիկա-էներգետիկական ֆակուլտետի դեկան Ա. Նախաբովը, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական համալսարանի Ճարտարագիտական ռադիոէկոլոգիայի և ռադիոքիմիայի ամբիոնի ավագ դասախոս Ա. Ակատովը, ՀԱԷԿ-ի փոխտնօրեն, Հայաստանի ատոմային էներգետիկայի վետերանների միության նախագահ Հ. Սևիկյանը։

Բացման ողջույնի խոսքով հանդես եկավ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Համբարձում Հովսեփյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ սեմինարի ավարտին առաջիկայի համար հստակ ծրագրեր կուրվագծվեն։

Զեկուցումով առաջինը հանդես եկավ ՀԱԷԿ-ի փոխտնօրեն, Հայաստանի ատոմային էներգետիկայի վետերանների միության նախագահ Հ. Սևիկյանը` «Հայաստանում ատոմային էներգետիկայի ձևավորվող պատմության, ներկայիս վիճակի և միջուկային ճարտարագիտության զարգացման հեռանկարների մասին» թեմայով։ Նա մանրամասն խոսեց Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրներից մեկի` ատոմային էներգիայի ազգային էլեկտրամատակարարման մեջ վճռորոշ դեր կատարելու, ատոմային էներգետիկայի մրցունակության բարձրացման միտումների, օրգանական վառելիքով գործող ջերմակայանների էլեկտրաէներգիայի բարձր գնի և ատոմակայանների էլեկտրաէներգիայի ցածր գնի միջև մեծացող խզվածքի և այլ կարևոր հարցերի մասին։

Օբնինսկի միջուկային ինստիտուտի ֆիզիկաէներգետիկական ֆակուլտետի դեկան Ա. Նախաբովը հանդես եկավ երկու զեկուցմամբ` «Միջուկային էներգետիկան՝ որպես առանց արտանետումների էներգետիկայի հիմք» և «Միջուկային էներգիայի էկոլոգիական ասպեկտները» թեմաներով։

Սանկտ-Պետերբուրգի պետական տեխնոլոգիական համալսարանի Ճարտարագիտական ռադիոէկոլոգիայի և ռադիոքիմիայի ամբիոնի ավագ դասախոս Ա. Ակատովը ներկայացրեց «Ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների անվտանգությունը» թեմայով զեկույցում: Նա ներկացրեց Լենինգրադի ԱԷԿ 2–ի նախագիծը և անվտանգության հետ կապված հարցերը:

Սեմինարն ավարտվեց զեկուցումների ամփոփմամբ և ընդհանրական վերլուծությունների ձևակերպմամբ։