Հավանություն տրվեց Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 2016/17 ուստարվա ուսումնական հաշվետվությանը

Հավանություն տրվեց Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 2016/17 ուստարվա ուսումնական հաշվետվությանը

Ս.թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ ՀԱՊՀ Ավագ դպրոցի Մանկավարժական խորհրդի նիստը, որի ժամանակ դպորցի տնօրեն, ֆ-մ.գ.թ., դոցենտ Արման Առաքելյանը ներկայացրեց Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 2016/2017 ուստարվա ուսումնական հաշվետվությունը։

Նիստին մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կ. Արզումանյանը, ՈՒԽ նախագահ Գ. Հարությունյանը, դասախոսներ և աշակերտներ։

Մինչ այս հաշվետվության նախագիծը հղվել է դպրոցի առարկայական մեթոդական միավորումներին՝ նախնական քննարկման, դիտողութ­յուն­ների և առաջարկությունների համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցը (նախկինում՝ ՀՊՃՀ հենակետային վարժարան) հիմնվել է 1994 թվականին` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` ՀՊՃՀ-ի նախաձեռնությամբ:

Դպրոցի գործունեության ներկայիս իրավական հիմքերն են «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, ՀԱՊՀ կանոնադրությունը և ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի կանոնադրությունը:

Դպրոցն ունի 33 դասարան։ Կառավարման մարմիններն են՝ ՀԱՊՀ հոգաբարձուների խորհուրդը, ռեկտորը, գիտական խորհուրդը և դպրոցի տնօրենը:

ՀԱՊՀ Ավագ դպրոցն իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (ավագ դպրոց) հանրակրթական ծրագրեր: Ծրագրերը ներառում են բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և առանձին առարկաների խորացված ուսուցման ու լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշ­մամբ շրջանավարտներ` Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով: Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում, է համաձայն ՀՀ ԿԳՆ օրինակելի ուսումնական պլանների՝ համապատասխանեցնելով ՀԱՊՀ Գիտական խորհրդի կողմից հաստատված ուսումնական պլանին և տնօրենի կողմից հաստատված դասացուցակին:

Յուրաքանչյուր հոսք ունի իր առանձին ուսումնական պլանը, որը կազմված է հիմնական հանրակրթական և խորացված ուսուցման առարկաներից: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացվում է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների՝ հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխանության ստուգում՝  փոխադրական քննություններ։

Տնօրեն Ա. Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց հաշվետվությունը և դպրոցում կատարվելիք աշխատանքները։ Նա մասնավորապես անդրադարձավ կադրային կազմին, մանկավարժական անձնակազմի տարիքին, ուսումնական գործունեության և հիմնական կրթական ծրագրերի ուսումնական գործընթացի կազմակերպմանը, իրականացվող հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանների ապահովվածությանը, աշակերտական համակազմին, առաջադիմության ցուցանիշներին, գործընկեր ուսումնական և ոչ ուսումնական հաստատություններին, պետական ավարտական և միասնական քննությունների արդյունքներին, ուսումնական գործընթացի վերահսկողությանը, ՀԱՊՀ 2016-2020թթ. Ստրատեգիական պլանով նախանշված առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներին, լրացուցիչ կրթական ծրագրերով ուսումնական գործունեությանըն և նյութական բազային։

Հաշվետվության վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ամփոփելով նիստը՝ ռեկտոր Ո. Մարուխյանը համարեց այն արդյունավետ, լավ վերլուծված և ներկայացված։ Ռեկտորը նշեց, որ նոր ուստարում նախատեսված են բուհի զարգացմանն ուղղված  մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնց կենսագործումը կնպաստի բուհի առաջընթացին:

Բաց քվեարկությամբ որոշվեց հավանություն տալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցի 2016/2017 ուստարվա ուսումնական հաշվետվությանը։