Պոլիտեխնիկը հյուրընկալեց «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպությանը

Պոլիտեխնիկը հյուրընկալեց «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպությանը

Նոյեմբերի 2-ին Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանի հրավերով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան էին այցելել «Լիդիան Արմենիա» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպության ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի գլխավորությամբ։

ՀԱՊՀ-ի կողմից հանդիպմանը ներկա էին Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, Ը և Մ ֆակուլտետի դեկան Ա. Ֆրանգուլյանը, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության Ֆակուլտետի դեկան Ա. Թադևոսյանը, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի փոխտնօրեն Ս. Ղազարյանը, դասախոսներ, ուսանողներ։

Ա. Ֆրանգուլյանը ներկայացրեց հանդիպման նպատակը։ «Երկուստեք օգտակար այս հանդիպումը հնարավորություն կտա ուսանողներին տեղեկացնել հանքարդունաբերության ոլորտի վերջին տարիների ձեռբերումներին` «Լիդիան Արմենիա» ընկերության օրինակով, -ասաց նա։ – Այն կնպաստի բուհ-արտադրություն կապի խորացմանն ու ամրապնդմանը, և ընկերությունում արտադրական պրակտիկաների անցկացման ժամանակ աչքի ընկնող ուսանողները կարող են ուսման ավարտից հետո կամ ուսմանը զուգահեռ աշխատել այդտեղ», – ասաց Ա. Ֆրանգուլյանը։

Հ. Ալոյանը, ով միաժամանակ նաև Հանքարդյունաբերողների և մետալուրգների միության նախագահն է, պատմեց «Լիդիան Արմենիա» ընկերության ձեռքբերումների և Ամուլսար ծրագրի մասին։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը հիմնադրվել է 2005թ., լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայումս իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը։ Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում։ Ընկերությունը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը` հանքարդյունաբերության լավագույն փորձի հիման վրա և միջազգային չափանիշների ու պահանջների շրջանակներում։

Հ. Ալոյանը ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրի մանրամասները, կիրառվող տեխնոլոգիաները և նոր չափանիշները։  Նա խոսեց շրջակա միջավայրի, առողջության, անվտանգության, սոցիալական և տնտեսական հարցերի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության խնդիրների մասին։

Այս ամենը նա ներկայացնում էր թվերով և փաստերով` ստեղծելով իրավիճակի ամբողջական պատկերը։ Նա խոսեց նաև լեռնահանքային արդյունաբերության մեջ կիրառվող կանադական, շվեդական և ավստրալական մեթոդների մասին։

Ա. Ֆրանգուլյանը հետաքրքրվեց ընկերության կադրային ներուժի մասին։ Հ. Ալոյանը նշեց, որ բոլորի շահերից է բխում որակյալ կադրեր ունենալը, և իրենք պատրաստ են արշխատանքի ընդունել Պոլիտեխնիկի այն ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր կհամապատասխանեն ընկերության չափանիշներին։

Ուսանողների և դասախոսների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ։ Համալսարանի ուսանողներին հետաքրքրեցին «Լիդիան Արմենիա» ընկերությունում հետագայում աշխատանքի անցնելու առաջարկները. դա պարզորոշ երևաց ուսանողների կողմից տրվող հարցերի ոչ միայն քանակից, այլ նաև դրանց բովանդակությունից:

Հյուրերին շնորհակալություն հայտնեց և հանդիպումն ամփոփեց պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը` ակնկալելով հետագա համագործակցություն։