Կլոր սեղան. Մշակույթը բոլորի համար

Կլոր սեղան. Մշակույթը բոլորի համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցության արդյունքում և աջակցությամբ հոկտեմբերի 6-ին Պոլիտեխնիկում անցկացվեց «Մշակույթը բոլորի համար» խորագրով Կլոր սեղան։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Համբարձում Հովսեփյանը,  փոխտնօրեն Արամ Գևորգյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները, համալսարանի դասախոսներ և ուսանողներ։

Նպատակն էր, ցույց տալ որ հաշմանդամություն ունեցող մարդիկ բոլորովին էլ սահմանափակ կարողություններով չեն և կարող են լինել հասարակության լիարժեք անդամ։

Կլոր սեղանի ուղղորդող «Ոգու առագաստներ» կազմակերպության ղեկավար, «Սպիտակ ձեռնափայտ» սոցիալական շարժման նախագահ Օլեգ Կոլպաշչիկովը նշեց. «Կլոր սեղանի բոլոր մասնակիցները փակ աչքերով անցկացրեցին մեկուկես ժամ։ Այդ ընթացքում նրանք փորձեցին սեփական ուժերը, բացահայտեցին իրենց տաղանդը, սկսեցին այլ կերպ լսել, մտածել և զգալ։ Նման արտասովոր Կլոր սեղաններ կազմակերպելով` մենք ուզում ենք ցույց տալ բոլոր մասնակիցներին, թե ինչ հետաքրքիր հմտություններ ու կարողություններ են զարգանում կույր մարդկանց մոտ։ Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են հասարակության տասը տոկոսը, սակայն նրանց չենք տեսնում ո՛չ ռեստորաններում, ո՛չ փողոցում, ո՛չ աշխատավայրում: Նրանց թոշակը տուն են տանում, սոցիալական արտոնություններ են տրամադրում, սակայն որևէ մեկը չի մտածում, որ իրականում հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ հետաքրքիր են, որովհետև  ունեցած սահմանափակումների շնորհիվ նրանք հզոր կարողություններ են ձեռք բերում: Այսօր օրակարգային է դարձել այն հարցը, թե ինչպես օգտագործել հաշմանդամություն ունեցող մարդկանց այդ կարողությունները բիզնեսի, կրթության և այլ նախագծերում, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ դառնան օգտակար հասարակության համար» – ասաց Օ. Կոլպաշչիկովը։

Միջոցառումն անցկացվեց արտասովոր պայմաններում և ստեղծագործ մտագրոհի ձևաչափում։ Բացառիկ ձևաչափը թույլ տվեց մասնակիցներին հայտնվել իրենց համար արտասովոր պայմաններում` առանց տեսողական տեղեկությունն օգտագործելու հնարավորության։ Այս ձևաչափը թույլ է տալիս մասնակիցներին իրենց մեջ նոր տաղանդ և ունակություններ բացահայտել, նոր տեսանկյունից գնահատել հայտնի խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև զարգացնել ստեղծագործական և հաղորդակցական հմտությունները։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը իր հերթին նշեց, որ բուհում ուրախ են, որ հենց Պոլիտեխնիկում է անցկացվում այս միջոցառումը։

«Շատ կարևոր է բարձրաձայնել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հետ գրագետ փոխգործակցության, ինչպես նաև նրանց հասարակական կյանքի բոլոր ոլորտների մեջ ներգրավելու թեման», – նշեց Ա. Գրիգորյանը։

Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի ղեկավար Իրինա Կասացկայան նշեց, որ նախագիծն իրականացվում է իրենց կենտրոնի աջակցությամբ։

«Մենք հույս ունենք, որ այս ծրագիրն իր պտուղները կտա ներառական կրթության և սպորտի զարգացման ծրագրերի առաջմղման հարցում հայ-ռուսական փորձի փոխանակման համար», – նշեց Ի. Կասացկայան։

Կլոր սեղանից հետո տեղի ունեցավ յուրահատուկ ֆլեշմոբ. տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կապեցին տեսողության խնդիրներ չունեցող մարդկանց աչքերը և մայրաքաղաքի մի հատվածից նրանց ուղեկցեցին նախատեսված վայր: Ֆլեշմոբի նպատակն այն էր ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ բոլորովին էլ սահմանափակ կարողություններով չեն, կարող են լինել հասարակության լիարժեք անդամ և տեղաշարժվել առանց կողմնակի անձանց օգնության: