Պոլիտեխնիկը մասնակցում է «Դիջիթեք էքսպո-2017» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին

Պոլիտեխնիկը մասնակցում է «Դիջիթեք էքսպո-2017» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին

Այսօր` սեպտեմբերի 29-ին, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց Հայաստանի ՏՏ ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկը՝ «ԴիջիԹեք էքսպո-2017»-ը: Եռօրյա տեխնոլոգիական տոնից անմասն չմնաց նաև Պոլիտեխնիկական համալսարանը, որը «ԴիջիԹեք էքսպո-2017»-ին ներկայացել էր «Ինժեներական քաղաքում»: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահը ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ ծանոթացավ Պոլիտեխնիկի աշխատանքներին: Շրջայցի ընթացքում ՀՀ Նախագահը ծանոթացավ ներկայացրած տաղավարներին և ուսանողների աշխատանքներին:

Թվով 13-րդ՝ «ԴիջիԹեք էքսպո-2017»-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացավ բազմաթիվ նորարարական լուծումներով ու գաղափարներով և անցյալ տարիների համեմատ ավելի մեծ ու աչքի ընկնող տաղավարով, որը  տարբերվում էր  նաև կոնցեպտուալ մոտեցումներով: Այս տարվա նորամուծություններից մեկը  ընկերությունների, միավորումների և ուսանողների ստեղծած աշխատանքների ոչ թե առանձին, այլ միասնական  դասակարգումն էր ըստ ուղղվածությունների:

Իր տաղավարում ՀԱՊՀ-ն ներկայացել է արդիական 5 ուղղությամբ` հեռահաղորդակցության և 5G, վարորդներին աջակցող տարատեսակ լուծումներով, արտադրական առարկաների ինտերնետ, պաշտպանական ու տիեզերագնացության և կիսահաղորդչային թեստավորում:

ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսքում անդրադարձավ նման միջոցառումների մասնակցության կարևորությանը. «Պոլիտեխնիկի համար այսպիսի միջոցառումներին մասնակցությունը արդեն դարձել է ավանդական և բնականաբար այն բազմապրոֆիլ մասնագիտական ուղղությունները, որոնք մեզ մոտ իրականացվում են, հստակորեն առնչություններ ունեն այս ոլորտի հետ: Ինձ համար կրկնակի հպարտություն է, որ այս տարի ներկայացված շատ աշխատանքների մեջ մեր ուսանողական համակազմը ունի իր արժանի ներդրումը: 2-րդ, 3-րդ կուրսի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները հաջողությամբ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների խողովակով մասնակցություն են ունենում այսպիսի միջոցառումներին»:

«ԴիջիԹեք էքսպո-2017» եռօրյա ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է:
Այստեղ են հավաքվում ՏՏ ոլորտի առաջատարներն ու տեխնո հասարակությանը ներկայացնում շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները;
Ցուցահանդես կայցելեն պաշտոնական պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Կանադայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից և Վրաստանից:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում Պոլիտեխնիկի ներկայացված աշխատանքներին ծանոթանալու համար կարող եք հետևել մեր սոցցանցային հաշիվներին կամ այցելել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիր: