Պոլիտեխնիկի քոլեջը սկսեց նոր ուսումնական տարին

Պոլիտեխնիկի քոլեջը սկսեց նոր ուսումնական տարին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մանանդյան  թիվ 36 հասցեում տեղակայված քոլեջի բակն այսօր մարդաշատ էր: Ամենից ավելի հուզված էին օրվա հերոսները՝ առաջին կուրսի ուսանողները: Քոլեջում փոքրիկ հանդիսություն էին կազմակերպել սեպտեմբերմեկյան գեղեցիկ տոնի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ներկա էին ՀԱՊՀ պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, քոլեջի տնօրենի պաշտոնակատար Էլբակ Էլբակյանը, փոխտնօրենները, ամբիոնների դասախոսներ, ուսանողների ծնողները, հարազատները:

Տոնական հանդիսությունը սկսվեց Հայաստանի օրհներգով: Ելույթ ունեցան ՀԱՊՀ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, տնօրենի պաշտոնակատար Է.Էլբակյանը: ՀԱՊՀ պրոռեկտորն իր շնորհավորական ելույթում առաջին կուրսեցիներին մաղթեց աշխատասիրություն, կամք ու համառություն, որպեսզի իրենց բոլոր նպատակները կարողանան իրականություն դարձնել և որ քոլեջում գտնեն իրենց լավագույն ընկերներին:

Է. Էլբակյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին, իր խոսքում նշեց.

«Ցանկանում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքը մեր ուսանողների համար լինի գիտելիքի ձեռքբերման, աշխարհճանաչման և ինքնադրսևորման ժամանակաշրջան:

Մաղթում եմ ձեզ առողջություն, կրթական և գիտական նորանոր բարձունքների նվաճում, ապագայի նկատմամբ լավատեսություն, հաջողություններ և համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ մեր հասարակության և ի շահ մեր պետության:»,-ասաց Է. Էլբակյանը:

Ողջույնի խոսքով ներկայացան քոլեջի ուսանողները՝ 2-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը և քոլեջի շրջանավարտ Արսեն Մանթաշյանը: Նրանք հետաքրքիր մանրամասներ ներկայացրին իրենց ուսանողական առօրյայից, խոսեցին ուսումնառության ու կրթության կարևորությանը մասին, ներկայացրին, թե ինչպես են նշում Գիտելիքի օրը տարբեր երկրներում: Իրենց ելույթով ներկաներին հիացրին ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյանը, ինչպես նաև Մշակույթի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Գրիգոր Գրիգորյանը:

Հանդիսության ավարտին առաջին կուրսեցիներին ուղեկցեցին դահլիճ: Այնտեղ իրենց շնորհավորական խոսքն ասացին նաև փոխտնօրեններ Է. Հարությունյանը և Գ. Բաղրամյանը: Այնուհետև փոխտնօրեն Գ. Բաղրամյանն իրականացրեց խմբերի բաշխումը և ուսանողներին ուղեկցեցին լսարաններ:

Քոլեջի 422 ուսանողին այս տարի ավելացավ ևս 190-ը։ Այս տարին բացառություն  է 19 տարեկան դիմորդների համար՝ քոլեջներում, այդ թվում նաև այստեղ, հնարավորություն կունենան սովորել անվճար հիմունքներով, բայց սահմանափակ տեղերով։ Պոլիտեխնիկական քոլեջի 7 մասնագիտությունների համար այս տարի տրվել է 185 անվճար՝ պետպատվերով տեղեր։ Ուսումը քոլեջում շարունակելու համար ապագա ուսանողների մեջ բավական  համառ մրցակցություն է եղել․ բոլոր 7 մասնագիտություններում սահմանված տեղերի համար դիմորդները պայքարել են միջինում  2։1 հարաբերությամբ՝ 1 տեղի համար՝ 2 դիմորդ։ Քոլեջում այս տարի առավել վարկանշային են հաշվողական տեխնիկա և ծրագրավորման հիմունքներ մասնագիտությունները։ Հատկացված 50 տեղի համար պայքարել է մոտ 150 դիմորդ։

Ուսումնական պրոցեսի կազմակերպումը այստեղ ևս ի շահ ուսանողի է՝ առաջնային դասելով գիտելիքը, նաև չեն մոռանում  ուսանողական կյանքը դարձնել հետաքրքիր բուհի ներսում։ Հատուկ այս նպատակով մշակվել են եռամսյա կուրսեր, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան սովորել եռակցման տեխնոլոգիաներ։ Ծրագիրը կյանքի կկոչվի նոյեմբերից։ Կուրսերը լինելու են շարունակական և տարածվելու են նաև մյուս առարկաների վրա։