ՀԱՊՀ ուսանողների արտադրական պրակտիկան արցախում

ՀԱՊՀ ուսանողների արտադրական պրակտիկան արցախում

Անցած ուսումնական տարվա ավարտին, մասնավորապես Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի ուսանողների համար, համագործակցության մի շատ կարևոր հուշագիր ստորագրվեց ՀԱՊՀ-ի, «Վալլեքս» ընկերությունների խմբի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև:

Այդ առթիվ մայիսի վերջերին ապագա լեռնային ինժեներներն ու դասախոսները ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ եղան «Վալլեքս» խմբի ընկերություններում, այդ թվում «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ում, ծանոթացան Արցախի Հանրապետության արտադրական այս խոշորագույն կազմակերպության գործունեությանը: Խոսքը գործի վերածելու առաջին քայլն արեց «Բեյզ Մեթըլս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը: Նա առաջարկեց մի շարք մասնագիտությունների գծով ուսանողների արտադրական պրակտիկան անցկացնել հենց այստեղ՝ արցախյան իրենց ձեռնարկություններում: Եվ ահա, դասընթացների ավարտից հետո Արցախ մեկնեցին ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտների, Ընդերքաբանության և մետալուրգիայի, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության» ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Հայկական երկրորդ հանրապետության Կաշենի պղնձի հանքավայրի համալիրում այս ամառ 17 ուսանողներ երկու ամիս աշխատեցին ըստ ընտրած մասնագիտությունների:

Արտադրական պրակտիկայի ընթացքում ապագա ճարտարագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու Կաշենի լեռնահանքային համալիրի գրեթե բոլոր արտադրական գործընթացներին, շփվելու արտադրական մեծ փորձ ու հեղինակություն ձեռք բերած կոլեկտիվի մարդկանց հետ, ծանոթանալու նրանց աշխատանքային առօրյային, այցելելու Արցախի պատմամշակութային հուշարձաններով հարուստ վայրեր` Գանձասար, Շուշի, Ստեփանակերտ, Ամարաս, Դադիվանք և այլն:

Հաճելի է նշել, որ ուսանողների արտադրական պրակտիկան անցավ նպատակային և արդյունավետ, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Ա. Մկրտումյանին, փոխտնօրեններ Ս. Իվանյանին, Զ. Ծատրյանին, ինչպես նաև կոլեկտիվի ողջ անձնակազմին՝ իրենց կողմից դրսևորած բարձր պատասխանատվության և ցուցաբերած հյուրընկալ վերաբերմունքի համար: Համոզված ենք, որ այս և նման քայլերը խորապես նպաստելու են մեր երկրի, նրա տնտեսության զարգացմանը: