«Վալեքս» ընկերությունների խումբը հյուրընկալեց Պոլիտեխնիկի պատվիրակությանը

«Վալեքս» ընկերությունների խումբը հյուրընկալեց Պոլիտեխնիկի պատվիրակությանը

Մայիսի 26-29-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը աշխատանքային այցով եղավ Արցախի Հանրապետությունում։ «Վալեքս» ընկերությունների խումբը «Բեյզ Մեթըլս» և Հայաստանի «Թեղուտ» ընկերություններում հյուրընկալեց համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, Հանքագործների և մետալուրգների միության գործադիր տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը և ուսանողներ։

Հայաստանում ոլորտի լավագույն մասնագետները եղան Արցախի Հանրապետությունում, ծանոթացան «Վալեքս» ընկերությունների խմբի հայկական 2-րդ հանրապետության գործող ձեռնարկություններին։

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունեց Պոլիտեխնիկի պատվիրակությանը: Վարչապետը ողջունեց պատվիրակության անդամներին և նշեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունավետ կապ է ստեղծված: «Շատ կարևոր է, որ հերթական այցը ծրագրային բնույթ ունի: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հետ ձևավորվող ձեր համագործակցությունը, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու Արցախի հետ կապերի ամրապնդման գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում Արցախի տնտեսության մեջ համալսարանի ունեցած տեխնոլոգիական ներդրումը և հետայսու ևս պատրաստ ենք շարունակել առկա փոխգործակցության զարգացումը»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը վարչապետին ներկայացրեց այցի մանրամասները: Նա նշեց, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավարության առաջարկով՝ կադրերի պատրաստման երկարատև և կայուն համագործակցություն են սկսում ընկերության հետ, որը կամրագրվի համատեղ հուշագրի ստորագրմամբ: «Շատ ուրախ ենք, որ հերթական քայլն ենք անում Արցախի հետ մեր համագործակցության ամրապնդման գործում: Համոզված եմ՝ այն նոր շարունակություն է ունենալու ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերում մեր գիտական ներուժի օգտագործման առումով»,- նշեց Ո. Մարուխյանը: Այնուհետև, վարչապետի ներկայությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, «Բեյզ Մեթըլս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը և Հանքագործների և մետալուրգների միության գործադիր տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը  ստորագրեցին եռակողմ համագործակցության հուշագիր:

Ինչպես Արցախում, այնպես էլ Թեղուտում ՀԱՊՀ-ի դասախոսները հանդիպեցին Պոլիտեխնիկի շրջանավարտներին, ովքեր այսօր արտադրության կարևոր ու պատասխանատու օղակներում են։ Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում շրջայցից հետո տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի հետ։ Քննարկվեցին համագործակցության ուղղությունները։ Ըստ այդմ՝ այս ամռանը գրեթե 30 ուսանող ու դասախոս արտադրական գործնական պարապմունքներ կանցկացնեն Կաշենի լեռնահանքային համալիրում։ Երկամսյա ծրագիրը կհամարվի նաև աշխատանք, և ուսանողները կվարձատրվեն։ Քննարկվեցին նաև համագործակցության այլ ծրագրեր։

Արցախում ստացած տպավորությունները ամբողջացան Թեղուտում, որտեղ ոլորտի ներկա ու ապագա մասնագետներին հիացրին արտադրության մեջ ներդրված գերժամանակակից տեխնոլոգիաները։

Պատվիրակությունը Թեղուտից ուղևորվեց Ալավերդու պղնձաձուլական գործարան։

Այստեղ «Էյ Սի Փի» ընկերության Կանաչ սրահում հյուրերին  ողջունեցին ընկերության առաջին դեմքերը։ Նրանցից շատերը հենց Պոլիտեխնիկի շրջանավարտներ են, իսկ որոշ աշխատակիցներ աշխատանքը համատեղում են ուսուցման հետ ՀԱՊՀ-ում։ Այստեղ մասնակիցները ծանոթացան գործարանի 247-ամյա պատմությանը, ապագա ծրագրերին, մասնավորապես չինական համագործակցությամբ նոր ու ժամանակակից գործարան կառուցելու ծրագրին։

Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց ձուլարանում և աղացագնդերի արտադրամասում։ «Էյ Սի Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը նշեց. «Հաշվի առնելով չինական համագործակցության հեռանկարը, այստեղ կլինի քիմիկոսի, էներգետիկի, մեխանիկի, մետալուրգի մասնագիտությամբ շրջանավարտների մեծ պահանջարկ։ Այս կտրվածքով՝ շատ կարևոր է հուշագրի ստորագրումը։ Եվ, որպես առաջին քայլ, ակնկալում ենք ամռանը հյուրընկալել մեր գործարանում ծագումով լոռեցի կամ ալավերդցի ուսանողների, ովքեր ամառային  արձակուրդի ընթացքում այստեղ կաշխատեն, կծանոթանան արտադրությանը։ Վստահ եմ՝ դա կստիպի նրանց վերադառնալ հայրենի օջախ, համոզված լինելով նաև մասնագիտության ճիշտ ընտրության մեջ»,- ասաց Լ. Մեջլումյանը։

Պղնձաձուլարանի հեռանկարային ծրագրերը ոգևորեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին և ուսանողներին։ Նրանք վստահ են, որ այժմ կատարվող տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին կհաջորդի կոնկրետ աշխատանքների փուլը, որի արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանը կունենա գերժամանակակից արտադրություն։

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը գոհունակություն արտահայտեց՝ նշելով. «Գործատուն այսօր նոր փոխշահավետ համագործակցության պահանջներ է առաջադրում բուհին։ Այսօր ուսանողը ոչ միայն տեսական գիտելիքներով զինված և որևէ ձեռնարկությունում ընդամենը 2 ամսվա պրակտիկա անցած պետք է մուտք գործի որևէ ձեռնարկություն կամ արտադրամաս, այլ այսօր էլ ավելի կարևորվում է, որ գործատուն ինքը մեզ որոշակիորեն թելադրի բառիս բուն իմաստով՝ ինչպիսին պետք է լինեն մեր ուսումնական պլանները, ինչպիսի առարկայական մոդուլներ են նրանք տեսնում, ինչպիսին պետք է լինի դրանց բովանդակային բաղկացուցիչը և, բարեբախտաբար, մենք այսօր գտել ենք այնպիսի գործընկերներ, որոնք իրենց գործունեությունը հենց նպատակաուղղել են դրան։

Շնորհակալանքի խոսքս պետք է ուղղեմ պրն Մեջլումյանին, պրն Մկրտումյանին, ովքեր ականջալուր եղան ինձ մոտ կայացած հանդիպման խոսակցություններին և այսօր փաստը մնում է այն, որ մենք հաջողված մեկնարկ ենք տվել»։

Աշխատանքային այցի ավարտին «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Մկրտումյանը ՀԱՊՀ ռեկտոր Ո.Մարուխյանին Համալսարանի և «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ միջև բեղմնավոր համագործակցության հիմքեր ձևավորելու համար պարգևատրեց  ոսկե հուշամեդալով:

8112 | 011710041 | 010520345