Համագործակցության նոր շրջան

Համագործակցության նոր շրջան

2017 թվականի հուլիսի 12-ին Ընդերքաբանության և Մետալուրգիայի ֆակուլտետը հյուրաշատ էր։ Ֆակուլտետի դեկան  Ալբերտ Ֆրանգուլյանը, «Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պաշտպանության» ամբիոնի վարիչ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ,  տ․գ․դ., պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը,  դեկանի տեղակալ տ․գ․թ․, դոցենտ Լիանա Հայրապետյանը և «Ը և ՇՄՊ» ամբիոնի տ․գ․թ․, դոցենտ  Հայկ Ալավերդյանը հյուրընկալել էին «Datamine» միջազգային ծրագրի կոմերցիոն տնօրեն Սանդիպ Ռեյին։ Վերջինիս  ուղեկցում էին  ռուսական «Պոլիմետալ» ընկերության «Datamine» ծրագրի գծով մասնագետ, ԸՄ ֆակուլտետի շրջանավարտ տ.գ․թ., Աշոտ Հակոբյանը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության գործադիր տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։

Շուրջ 10 տարի Հայաստանում գործող «Datamine» ծրագիրը Պոլիտեխնիկական համալսարանում նոր չէ։ Այս անգամ այցը միտված էր համագործակցության խորացմանն ու նոր ծրագրի ներդրմանը։ Երկուստեք կարևորվեց ծրագրի շարունակականությունը և ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն․ ֆակուլտետը հետագայում անվճար հիմքով կունենա «Datamine» ծրագիր և  հզոր համակարգչային լսարան։ Համագործակցության շրջանակում միջազգային հարթակներում բարձր վարկանիշ ունեցող  ծրագրային ապահովման արտոնագիրը Պոլիտեխնիկական համալսարանին կտրվի անվճար։ Այսուհետ ուսանողները հնարավորություն կունենան ուսուցանվել ժամանակի պահանջին համապատասխան ծրագրաապարատային միջոցով։ Հանդիպման վերջում Սանդիպ Ռեյը ոլորտի մասնագետներին ու պատասխանատուներին գործնականում  ծանոթացրեց  նոր  ծրագրի հնարավորություններին։