Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի հիմնադիր ֆակուլտետի 80-րդ շրջանավարտությունը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի հիմնադիր ֆակուլտետի 80-րդ շրջանավարտությունը

Հունիսի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (1301  լսարան) տեղի ունեցավ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի 2016-2017 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հանդիսությանը մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Գևորգ Հարությունյանը, ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան բաժանմունքի տնօրեն Նվեր Թորոսյանը։

Դահլիճում էին ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա․ Թադևոսյանը, դեկանի տեղակալ Գ․ Հովհաննիսյանը, Քիմիա- կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի (ՔԿ և ԲՏ) վարիչ, պրոֆեսոր Գ․ Թորոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Հանդիսությունը բացեց ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան Ա․ Թադևոսյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին, նա նշեց. «Եկող տարի լրանում է Պոլիտեխնիկի 85-ամյակը, իսկ այսօր մեր ֆակուլտետի 80-րդ շրջանավարտությունն է։ Այսօր դիպլոմներ կստանան ՔՏ և ԲՃ ֆակուլտետի 3 տասնյակ շրջանավարտներ, որոնց ցանկանում եմ  հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում»։

Ուսանողներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք ասաց պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը՝ նշելով․ «Սիրելի ուսանողնե´ր, շնորհավորում եմ ձեզ՝ դիպլոմ ստանալու առթիվ։ Սակայն դիպլոմով թող չավարտվի ձեր ուսումնառությունը։ Անընդհատ սովորեք։ Կրթությունը շարունակական գործընթաց է։ Գիտելիքները պետք է անընդհատ ավելացնել։ Ամենամեծ կապիտալը գիտելիքն է։ Ցանկանում եմ, որ բակալավրի կրթություն ունեցող ուսանողները ստանան նաև մագիստրոսի կրթություն։ Եվ, ամենակարևորը, միշտ հիշեք, որ պոլիտեխնիկցի եք և բարձր պահեք Պոլիտեխնիկի պատիվը»։

Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին․ «Այսօր ձեզ հանդիսավորությամբ դիպլոմներ են հանձնելու, և դահլիճում են ռեկտոր Ո․ Մարուխյանը, պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը, ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան բաժանմունքի տնօրեն Ն․ Թորոսյանը։ Մեր համալսարանի ղեկավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի քիմիական կրթությունը զարգանա և կիրառվի գործնականում: Եվ դա կիրագործվի ձեր ապագա աշխատատեղերում», – ասաց Գ․ Թորոսյանը։

«Ուրախ եմ, որ շփվում եմ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, նաև ուսանողների հետ։ Ես ինձ կիսով չափ պոլիտեխնիկցի եմ համարում։ Սիրելի ուսանողներ, կցանկանայի, որ կյանքում մի փոքր համարձակ լինեիք, այսպիսով ձեր գիտելիքներով հաջողության կհասնեիք։ Նաև շատ կարևոր է, որ միմյանց հետ և Պոլիտեխնիկի հետ կապը չկորցնեք հետագայում։ Միասնական ջանքերով ձեր հաջողությունները կկրկնապատկվեն և կեռապատկվեն»,- պատգամեց Ն. Թորոսյանը։

Շրջանավարտներին բարեմաղթանքի և շնորհավորանքի խոսք ասացին նաև ՀԱՊՀ Ուսխորհրդի նախագահի տեղակալ Գ.Հարությունյանը, ՔՏ և ԲՃ ֆակուլտետի փոխդեկան Գ.Հովհաննիսյանը, ՔԿ և ԲՏ ամբիոնի դոցենտ Հ.Քոչարյանը։

Դասախոսների և ղեկավարության հասցեին շնորհակալանքի խոսք ասաց մագիստրոս Լիլիթ Սամվելյանը։

Նախքան դիպլոմների հանձնումը, ռեկտոր Ո.Մարուխյանը ամփոփեց հանդիսությունը. «Շատ կարևորում եմ, որ այս ֆակուլտետում ավանդույթները պահպանում եք։

Պոլիտեխնիկի հիմնադիր ֆակուլտետին ցանկանում եմ բարգավաճում։ Շրջանավարտների այն խմբին, ովքեր ուսումը շարունակելու են, շնորհավորում եմ։

Տղաներին եռակի, քառակի եմ շնորհավորում և ցանկանում եմ անփորձանք ծառայություն։ Եվ անպայման տեղեկացրեք ձեր զորամասի և տեղի մասին։ Տվյալները կարող եք փոխանցել ՈւԽ կայք էջին։

Ուսանողուհիներին` բարի բախտ, հաջողություններ՝ այս ամենի հետ համատեղելով ուսումը։

Կուզեի, որ այսօր ստացած փաստաթուղթը կարոտով հիշեցներ ձեզ ուսանողական տարիները և Պոլիտեխնիկը»,-պատգամեց ռեկտորը։

Այնուհետև Ո.Մարուխյանը և Ա.Թադևոսյանը շնորհավորանքի խոսքերով շրջանավարտներին հանձնեցին դիպլոմները։