Պոլիտեխնիկում բացվեց «Գերազանցության» կենտրոն

Պոլիտեխնիկում բացվեց «Գերազանցության» կենտրոն

2017թ. հունիսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում տեղի ունեցավ աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ «Գերազանցության» կենտրոնի բացումը։

Կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանը, ԱՊՀ երկրներում Schneider Electric ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀԱՊՀ  Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիսությունը բացեց ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը` ներկայացնելով աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ «Գերազանցության» կենտրոնը:

Մեծարգո հյուրերին ողջունեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը՝ նշելով. «Այսօր Հայաստանի կրթության առաջատար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նշանակալից իրադարձություն է. մեկնարկում է «Schneider Electric-Տաշիր-ՀԱՊՀ» կոմպետենցիաների կենտրոնի գործունեությունը, որով փաստորեն ազդարարվում է մեծ համբավ վայելող ֆրանսիական ընկերության գործնական մուտքը Հայաստան։

Կենտրոնի ձևավորման կազմակերպական գործառույթները առանձնակի թափ ստացան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. մարտի 8-ին Փարիզում Schneider Electric-ի, «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ միջև ստորագրված հուշագրից հետո, որում մեկ ամբողջ բաժին հատկացված է ՀԱՊՀ-ի հենքի վրա կոմպետենցիաների կենտրոնի ստեղծմանը և երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության իրականացմանը»։

Ո.Մարուխյանը կենտրոնի բացման առթիվ պոլիտեխնիկական ողջ հանրույթի անունից շնորհակալանքի և երախտագիտության խոսք ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մեր համալսարանին ցուցաբերած շարունակական աջակցության և այսօրվա միջոցառմանը իր ներկայությամբ պատվելու կապակցությամբ։

Ռեկտորը առանձնահատուկ շնորհակալանքի խոսքեր ասաց Schneider Electric ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսին,  «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանին՝ իր Ալմա մատեր-ի նկատմամբ ցուցաբերած բացառիկ վերաբերմունքի և հոգածության համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Պոլիտեխնիկի շրջանավարտ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին «Գերազանցության» կենտրոնի կայացման գործում ունեցած մեծ ներդրումների համար։

Կենտրոնի բացման շրջանակներում տեղի ունեցավ Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրումը։

Այնուհետև մասնակիցները շրջայց կատարեցին նույն մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող կենտրոնի լաբորատորիաներով:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ստեղծված նոր կենտրոնը կդառնա Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կզարգացնեն իրազեկությունը և կծանոթանան էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։ Մասնագետները հնարավորություն կունենան նաև անցկացնել պրակտիկա Schneider Electric-ում, որը էներգետիկայի և արդյունաբերության համար արդյունավետ լուծումների մշակման աշխարհի առաջատար ընկերություն է։

Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնի բացումը թույլ կտա ոչ միայն պատրաստել ապագա արհեստավարժ մասնագետներ, այլև նոր հնարավորություններ կբացի էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար։ Ներդրող ընկերությունների ղեկավարությունը հայտարարեց, որ հավատում է երկրի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը և ինտելեկտուալ ներուժին։ «Ազգային մասնագիտական բուհի հետ համագործակցությունը ճանապարհ է բացում ընկերության ինովացիոն տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրմանը Հայաստանի շուկայում»,- նշեց Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Schneider Electric ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսը։

Պայմանագրի համաձայն՝ կողմերը պլանավորում են մասնակցել Հայաստանի էլեկտրացանցային ենթակառուցվածքների օբյեկտների արդիականացման ծրագրին՝ աշխարհի լավագույն տեխնոլոգիաների հասանելիության հեռանկարով։ Schneider Electric-ը և «Տաշիր» ընկերությունների խումբը ուսումնասիրում են արդյունաբերական համագործակցության հնարավորությունը՝ ուղղված ճարտարագիտության և ժամանակակից էլեկտրասարքավորումների ու ավտոմատացման համակարգերի արտադրությանը եվրասիական տնտեսական միության մատակարարումների շրջանակներում։