Տեղի ունեցավ օլիմպիադայի շնորհանդեսը

Տեղի ունեցավ օլիմպիադայի շնորհանդեսը

2017 թ. մայիսի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դաhլիճում (1301 լսարան) անցկացրեց բարձր դասարանների աշակերտների համար օլիմպիադայի շնորհանդեսը։

Օլիմպիադայի մտահղացման մասին խոսվել էր դեռևս մայիսի 4-ին ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի Կրթության որակի բարձրացման և կրթական ոլորտի միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի մենեջեր Օլգա Վինոգրադովայի և նույն ընկերության Հաղորդակցման դեպարտամենտի աշխատակից Դարյա Սավչենկոյի՝ Պոլիտեխնիկ այցելության ընթացքում, որը ՀԱՊՀ-ի ղեկավարության կողմից դրականորեն ընդունվեց։

Օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով։ Առաջինը ընտրականն է, որը կանցկացվի 2017 թ. աշնանը։ Երկրորդ՝ ավարտական փուլը կանցկացվի 2018 թ. ձմռանը։ Օլիմպիադայի հաղթողները և մրցանակակիրները կստանան արտոնություններ 2018թ. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցող բուհեր, մասնավորապես ՄԻՖԻ ընդունվելիս։

Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՊՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ա. Գևորգյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչներ, Հայաստանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցների ավելի քան 100 բարձրդասարանցի աշակերտներ։

Ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանում պահանջում է բարձրորակ մասնագետների պատրաստում, և Հայաստանի ու Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները այս ուղղությամբ ունեն ակնառու արդյունքներ։ Ատոմային մասնագիտություններով ռուսական բուհերում հայ ուսանողների նախապատրաստումը սկսվել է 2014 թվականից։ Այս համագործակցության ընդլայնումը հատկապես հրատապ է դառնում հաշվի առնելով Հայկական ատոմակայանի արդիականացումը։

Ապագա դիմորդներին ողջունեց Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, Ռուսական գիտության և մշակույթի Երևանի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը։ Նա նշեց, որ ամեն տարի Հայաստանի ավելի քան 200 դիմորդներ հնարավորություն են ունենում անվճար սովորելու Ռուսաստանի Դաշնության առաջատար համալսարաններում։ Եվ, տեխնիկական մասնագիտությունների պահանջարկի աճի հետ մեկտեղ, այդ բուհերի շրջանավարտները դառնում են  Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտում պահանջարկված։

ՀՀ Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավար Արտեմ Պետրոսյանը հավաստիացրեց, որ երիտասարդ մասնագետները մշտապես կարող են վստահ լինել Հայաստանում մասնագիտական կայացման և աշխատանքային կարիերայի հարցում նախարարության աջակցության վրա։

«Ես հատկապես ջերմորեն եմ ընդունում նման նախագծերը, ինչպիսին այս օլիմպիադան է, որովհետև այստեղ բոլոր ներգրավված կողմերը շահում են։ Երիտասարդները կարողանում են իրենց դրսևորել»,- նշեց ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը։ – Մեզ համար մեծ պատիվ է այս նախագծի գործընկեր լինելը։ Հուսով ենք, որ հայ աշակերտներին կհաջողվի գերազանց դրսևորվել օլիմպիադայում։ Բոլոր մասնակիցներին ցանկունում եմ հաջողություններ»։

Օլիմպիադայի շնորհանդեսի ավարտից հետո անցկացվեց բաց դասախոսություն՝ «ՋՋԷՌ տեխնոլոգիա՝ էվոլյուցիա, անվտանգություն» թեմայով։ Դասախոսության հեղինակները ՄԻՖԻ-ի Ազգային հետազոտական միջուկային համալսարանի ներկայացուցիչներն էին։ Նշված համալսարանը «Ռուսատոմ»-ին աջակցող բուհերից է և պատրաստում է ատոմային բնագավառի մասնագետներ։ Դասախոսության թեման ևս պատահական չէր ընտրված։ ՀԱԷԿ-ում շահագործվում է հենց ռուսական դիզայնով ՋՋԷՌ-ը։

Դասախոսությունը լսվեց մեծ հետաքրքրությամբ, եղան մի շարք հարցեր, որոնց պատասխանեցին մասնագետ դասախոսները։