Վարպետաց դաս ՀԱՊՀ Ավագ դպրոցում

Վարպետաց դաս ՀԱՊՀ Ավագ դպրոցում

Սույն թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում տեղի ունեցավ 2016-2017 ուսումնական տարվա առաջին վարպետաց դասը`«Մեծ տվյալներ տիեզերքից» խորագրով: Շարունակական բնույթ կրող վարպետաց դասերի շարքն այս անգամ  պատանի աստղասերների համար էր: Աշակերտներին այցելել էր ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, աստղագետ Արեգ Միքայելյանը: Դասի նպատակն էր աշակերտների մոտ ստեղծել պատկերացում, թե ինչպես են աշխատում իսկական աստղագետները, մեծացնել հետաքրքրությունը դեպի աստղագիտությունը, հստակեցնել տիեզերքի մասին աշակերտների պատկերացումները, ծանոթացնել աշակերտներին ժամանակակից աստղագիտության զարգացման միտումներին: Դասին ներկա էին ավագ դպրոցի փոխտնօրենները, աստղագիտության ուսուցչուհի և աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավարը, աստղագիտության խմբակի անդամ աշակերտները, ինչպես նաև աստղագիտությամբ հետաքրքրվող այլ աշակերտներ: Մինչ դասը սկսելը կատարվեց «մտքի վարժանք», որի ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի միջոցով վերհիշեցին այս բնագավառում ունեցած գիտելիքները, պատասխանեցին մի քանի հարցերի, և ինքները տվեցին հարցեր: Այնուհետեև դասը շարունակվեց  «Աստղագետի աշխատանքային գործիքները և աշխատանքի մեթոդները» թեմայով: Ընթացքում եղան քննարկումներ բազմաթիվ թեմաների շուրջ, աշակերտները ստացան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ: Դասն ընթացավ շատ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: