ՀԱՊՀ-ի շրջանավարտն օժտված է տրամաբանելու, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ

ՀԱՊՀ-ի շրջանավարտն օժտված է տրամաբանելու, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ

Բուհի ուսումնական գործընթացի առանձնահատկությունների, կրթական ծրագրերի բարելավման, աշխատաշուկայում Պոլիտեխնիկի շրջանավարտի մասնագիտական հմտությունների պահանջարկվածության մասին է մեր հարցազրույցը Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի հետ:

Տիկին Բաղդասարյան, բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերն ի՞նչ առանձնահատկություններ ունեն մեր բուհում: Վերջինս արդարացնո՞ւմ է իրեն, թե ժամանակի և ֆինանսի վատնում է։

 – Բակալավրական կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողին իր ընտրած մասնագիտությամբ ստանալ բազային պատրաստվածություն, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հարմարվել աշխատաշուկայի փոփոխվող կոնյունկտուրային և յուրացնել հարակից մասնագիտություններ: Bachelor (բակալավր) եզրույթի համար հայտնի է հետևյալ մեկնաբանությունը՝ «Արևի տակ իր տեղը հայցող»: Մագիստրոսական կրթական ծրագիրը, հանդիսանալով բակալավրական կրթական ծրագրի շարունակությունը, ուսանողին տալիս է առավել խորացված գիտելիքներ՝ պատրաստելով նրան գիտահետազոտական և մանկավարժական աշխատանքների իրականացման և ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար: Անշուշտ, մեզանում մագիստրոսական կրթության ուղղությամբ զգալի անելիք կա: Դա հատկապես նկատելի է մագիստրոսի կրթական ծրագրում հետազոտական բաղադրիչի իրականացման անկատարությամբ: Ի տարբերություն բակալավրի դիպլոմային աշխատանքի, մագիստրոսական թեզը պետք է ունենա գիտական նորույթ, որը պետք է արտացոլված լինի ուսումնառության ընթացքում ուսանողի ներկայացրած զեկույցներում, կատարած հետազոտական աշխատանքների ամփոփման արդյունքում հրատարակած գիտական աշխատությունում: Մագիստրոսի կրթությունը համալսարանում կատարվող հետազոտական աշխատանքներին ինտեգրվելու խնդիր ունի: Ինչ վերաբերում է մագիստրոսական կրթության արդարացման հարցին, ապա հարկ եմ համարում նշել, որ մագիստրոսը իր մասնագիտությամբ աշխատանք է գտնում ավելի հեշտ, քան բակալավրը: Դա բացատրվում է նրանով, որ մագիստրոսական կրթություն ստացած անձը աչքի է ընկնում մասնագիտական խնդիրների ձևակերպման, խորքային լուծումների առաջադրման և վերլուծական կարողություններով:

Մեր ուսանողները բուհի ներսում ունե՞ն ազատ տեղաշարժի իրավունք, եթե ուսման ընթացքում զգան, որ ընտրած մասնագիտությունն իրենցը չէ:

 – Այո, ունեն: Բակալավրի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է երկրորդ և երրորդ կուրսերում, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողներին՝ առաջին կիսամյակի ավարտից հետո: Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կուրս կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է: Բուհի ներսում ուսանողի տեղափոխությունը մեկ մասնագիտությունից մյուսը իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն: Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթում:

 Բոլոնյան բարեփոխումներն ի՞նչ են տալիս Պոլիտեխնիկի ուսանողներին: Համակարգային ի՞նչ փոփոխություններ է բերել և ինչպե՞ս է համալսարանն ինտեգրվել դրանց:

– Ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի վրա հիմնված կրեդիտավարկանիշային համակարգը, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել Պոլիտեխնիկի ուսանողների շարժունության տարբեր ծրագրեր: Ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացվում է ուսանողների գիտելիքների անընդհատ գնահատման և վերահսկման սկզբունքով: Դա հնարավորություն է տալիս ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով իրականացվող փոխատեղման գործընթացն ուսուցման մի համակարգից (վճարովի/անվճար) մյուսին (անվճար/վճարովի) դարձնել առավել տեսանելի և թափանցիկ: Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման գործընթացի համատեքստում իրականացվում են նաև տարբեր համատեղ կրթական ծրագրեր, հաստատվում են սերտ կապեր ՀԱՊՀ-ի և արտասահմանյան առաջատար բուհերի հետ, ինչն ուսանողներին կրկնակի դիպլոմի շնորհման հնարավորություն է տալիս:

 – Իսկ կմանրամասնե՞ք, թե ինչ է կրեդիտային համակարգը և ինչ է տալիս այն մեր ուսանողին:

– Կրեդիտային համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման և փոխանցման համակարգ է, որտեղ համապատասխան որակավորումը շնորհվում է ուսումնական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակի կուտակումից հետո: Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգն (ECTS) արտահայտում է միջին հաշվով մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը 60 ակադեմիական կրեդիտներով: Այն նախատեսված է Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում ուսանողների կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը հեշտացնելու նպատակով:

Դասախոսությունների միջոցով որոշակի քանակի գիտելիքի փոխանցում և քննության ժամանակ ստուգում. ուսուցման այս մանկավարժական մեթոդը հնացած չէ՞:

– Չեմ կարծում, որ դասախոսությունների միջոցով գիտելիքների փոխանցումը և քննությունների միջոցով ուսանողի գիտելիքի ստուգումը հնացած մեթոդ է: Գիտելիքների փոխանցման և ստուգման այդ մեթոդը կիրառվում է բոլոր առաջատար համալսարաներում: ՀԱՊՀ-ում գիտելիքների փոխանցումն իրականացվում է նաև գործնական պարապմունքների, լաբորատոր աշխատանքների, կուրսային աշխատանքների/նախագծերի, ինչպես նաև պրակտիկաների միջոցով: Այլ հարց է, թե ինչպես են մատուցվում դասախոսությունները և դասավանդման ինչ մեթոդներ են կիրառվում:

Համալսարանի շրջանավարտը պատրա՞ստ է մասնագիտությամբ աշխատել: Գործատուի հետ ունե՞ք համագործակցության օրինակներ: Ի՞նչ անելիքներ կան այս ասպարեզում:

 -ՀԱՊՀ շրջանավարտը պատրաստ է մասնագիտությամբ աշխատել: Ավելին, համալսարանում ուսուցանվող մասնագիտությունների բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը հնարավորություն է տալիս ստացած բազային գիտելիքների հենքի վրա զարգացնել կարողություններ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է արտադրական գործընթացներում օգտագործվող տեխնոլոգիաների պարբերաբար նորացմամբ: ՀԱՊՀ-ի շրջանավարտն օժտված է տրամաբանելու, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ, կարողանում է հստակ ծրագրեր մշակել, ինչը նրան հնարավորություն է տալիս անհրաժեշտ պարագայում առաջադրել իրավիճակային լուծումներ: Այս առավելությունը բազմիցս արձանագրել են նաև գործատուները: Լավագույն օրինակ է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ համագործակցությունը: ՀԱՊՀ-ն համագործակցում է նաև էներգետիկ ոլորտի և ՀՀ-ում գործող լեռնամետալուրգիական բոլոր խոշոր ձեռնարկությունների հետ, որոնց ցանկը պատկառելի է: Անշուշտ, այս առումով դեռ շատ անելիքներ կան. նախ, դա անընդհատ պրոցես է, որը երբեմն կարող է իրավիճակային լուծում ունենալ: Մասնավորապես հսկայական աշխատանք պետք է կատարվի գործատուների կողմից ուսումնական հաստատությունում մասնագետի պատրաստման, ինչպես նաև նախագծային և հետազոտական աշխատանքների մասնակցության և պատվերի ձևավորման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման ուղղությամբ:

 Լավ կարող է սովորեցնել այն մարդը, ով սովորում է: Բուհի վարկանիշը և հաջողությունը պայմանավորված է, նախևառաջ, դասախոսական կազմի պատրաստվածությամբ: Մեր դասախոսներն ի՞նչ պարբերականությամբ են անցնում վերապատրաստում և ատեստավորում:

– Պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի որակի գնահատումն իրականացվում է մրցութակոնտրակտային գործընթացի շրջանակներում, աշխատանքային պայմանագրերի միջոցով` հիմք ընդունելով նախորդող ժամանակահատվածում նրա ուսումնական, գիտական, մանկավարժական և հասարակական գործունեության ցուցանիշները: ՀԱՊՀ-ում դասախոսների վերապատրաստումը պլանավորվում և իրականացվում է Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի միջոցով: Յուրաքանչյուր 5 տարին մեկ դասախոսներն անցնում են վերապատրաստման կուրսեր: