Պոլիտեխնիկի ներդրումը Հայաստանի գիտելիքահենք տնտեսության ստեղծման գործում

Պոլիտեխնիկի ներդրումը Հայաստանի գիտելիքահենք տնտեսության ստեղծման գործում

1. Մեր ժամանակաշրջանում անփոխարինելի է դառնում գիտության դերը որպես երկրի անվտանգության ապահովման, տնտեսության ու մշակույթի զարգացման, ինչպես նաև հասարակության առաջընթացի կարևորագույն գործոն։ Գիտության ոլորտի բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումն է։ Որքանո՞վ է ՀՀ տեխնոլոգիական կրթության առաջատար, 83-ամյա ավանդույթներով հարուստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը նպաստում հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ստեղծմանը, գիտահետազոտական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել համալսարանում վերջին տարիներին, ինչպիսի՞ն է բուհի գիտական ներուժը։ Մեր թերթի թղթակից Աղավնի Տեր-Հովհաննիսյանը այս կապակցությամբ հանդիպեց ՀԱՊՀ-ի գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին։

– 2011-2015թթ. համալսարանի գիտահետազոտական գործունեությունը ծավալվել է 2011-15թթ. ստրատեգիական պլանի (ՍՊ) Նպատակ 7-ի 7.1-7.4 խնդիրներին համապատասխան. ճարտարագետ-գիտնականների նոր սերնդի ձևավորում, հետազոտական ծրագրերում դասախոսական կազմի, ասպիրանտների ներգրավվածության աճ, հետազոտական ծրագրերի տեսակների և ֆինանսավորման ծավալների աճ, կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացում, միջազգային գիտական ծրագրերում համալսարանի գործունեության ընդլայնման և ինովացիոն գործունեության համար պայմանների ստեղծում: Վերջին 5 տարիներին համալսարանում լրամշակվել են հետազոտողի կրթական ծրագրով սովորողների ուսուցման պլանները (հեռակա ուսուցմամբ՝ ասպիրանտներ և հայցորդներ): 2012-2013թթ. լիովին, իսկ 2015 թվականին մասնակիորեն լրամշակվել են ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության հարցաշարերը: 2015թ., գիտական աստիճանաշնորհման անվանացանկի փոփոխություններով պայմանավորված, մշակվել և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատվել են 7 մասնագիտությունների մասնագիտական (որակավորման) ծրագրերը, ինչպես նաև հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված մի շարք առարկայական ծրագրեր: 2012 թվականին լրամշակվել է «Հետազոտողի կրթական ծրագրով ուսումնառող ասպիրանտների և հայցորդների ամփոփիչ ատեստավորման և ճարտարագետ հետազոտողի որակավորման կարգը», ապա 2015թ. լրամշակվել է համալսարանում հայցորդների համակարգի ձևավորման կանոնակարգը:

2 -Ինչպե՞ս կգնահատեք մեր բուհի գիտական ներուժը այսօրվա տեսանկյունից և ի՞նչ է արվում գիտական կադրերի երիտասարդացման ուղղությամբ։

-Համալսարանում աշխատում են շուրջ 70 գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ և 400 գիտությունների թեկնածու-դոցենտներ: ՀԱՊՀ-ում հետազոտողի ծրագրով սովորում են 165 ասպիրանտներ և հայցորդներ, ովքեր կհամալրեն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և մեր հանրապետության բազմաբնույթ կազ- մակերպությունները՝ բարձրորակ գիտական կադրերով: Համալսարանում պարբերաբար կազմակերպվում են ներհամալսարանական, հայաստանյան և միջազգային գիտաժողովներ, գիտական տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ ՀԱՊՀ տարեկան գիտաժողովը, «Պոլիտեխնիկական ընթերցումներ» գիտական սեմինարների շարքը, ամբիոնների ամենամսյա գիտակրթական սեմինարները, առցանց գիտական սեմինար-դասախոսությունները, ոլորտային գիտաժողովներն ու երիտասարդ գիտնականների դպրոցները, ուսանողական գիտական օլիմպիադաները: ՀԱՊՀ աշխատակիցները, ասպիրանտներն ու ուսանողները հաջողությամբ մասնակցում են հայաստանյան և միջազգային տարաբնույթ մրցույթների: Վերջին տարիներին ՀՀ Նախագահի մրցանակի են արժանացել ՀԱՊՀ աշխատակիցներ Վ.Մելիքյանը (2009թ.), Հ. Թերզյանը (2010թ.) , Օ.Գասպարյանը (2012թ.), Վ.Առուստամյանը, Ս.Խուդավերդյանը (2013թ.): ՀՀ Նախագահի մրցանակին են արժանացել նաև համալսարանի մի շարք ֆակուլտետներում սովորող բազմաթիվ առաջադեմ ասպիրանտներ, ուսանողներ: Գիտության պետական կոմիտեն, որպես բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներ, ամսական հավելավճար է տրամադրում ՀԱՊՀ 8 աշխատակիցների: Հետազոտական գործունեության խրախուսման նպատակով ՀԱՊՀ-ն պարբերաբար հայտարարում է մրցույթներ` «Լավագույն մենագրություն», «Լավագույն դասագիրք», «Լավագույն գիտական հոդված (հոդվածաշար)», «Լավագույն ուսումնական ձեռնարկ» և այլն: Համալսարանի, հայաստանյան և արտասահմանյան առաջավոր գիտնականներին ՀԱՊՀ-ն շնորհում է պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ, պարգևատրում համալսարանի Ոսկե հուշամեդալով: 2015թ. hամալսարանի պատվավոր դոկտոր Ե.Կասպերսկին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար: Նախորդ հինգ տարիների ընթացքում 39%-ով աճել է ասպիրանտուրայի դիմորդների քանակը, 48%-ով՝ ընդունվածների թիվը, ավելի մեծ քանակով մասնագիտությունների ընդգրկումով։ Ասպիրանտուրայում և հայցորդության համակարգում սովորողների քանակը նշված ժամանակահատվածում աճել է 44%-ով, ձևակերպվել են նաև 5 դոկտորանտներ: Աճել է ատենախոսություն պաշտպանած ասպիրանտների քանակը. թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել առկա ուսուցմամբ՝ 75%, հեռակա ուսուցմամբ՝ 35% ասպիրանտներ: Միջազգային գիտական ծրագրերով 12 ասպիրանտներ և մեկ հայցորդ գործուղվել են եվրոպական տարբեր երկրներ: Վերջին 5 տարիներին ասպիրանտները, հայցորդները ոչ միայն մասնակցել են համալսարանում կատարվող հետազոտական նախագծերին, այլև ներկայացրել սեփական գիտական նախագծեր, հաղթել դրամաշնորհային հայտերի մրցույթներում։ 2013-15թթ. շահել և իրականացրել են 9 ծրագրեր: Երիտասարդ գիտնականների աջակցության, ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրերի ֆինանսավորումը կազմել է շուրջ 70մլն. դրամ (14 ծրագիր):

3. Բարենպաստ պայմաններ կա՞ն ՀԱՊՀ-ում գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար և ի՞նչ առաջընթաց է նկատվում արդյունքների առևտրայնացման բնագավառում։

– Համալսարանում կարևորվում է գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետության բարձրացումն ու արդյունքների առևտրայնացմանը նպաստող պայմանների ստեղծումը: Չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի լուծմանը նպատակաուղղված նախագծերի ընդհանուր ֆինանսավորումը 2015թ. կազմել է շուրջ 45մլն դրամ՝ 2010թ. 2մլն դրամի փոխարեն, սակայն դեռևս ցածր է ընդհանուր ֆինանսավորման մեջ դրա մասնաբաժինը (2015թ.՝ 8%, 2010թ.՝ 1%), դեռևս լիարժեք չի լուծված «գիտական արտադրանքի» վաճառքի ու համապատասխան եկամտի ստացման խնդիրը: Համալսարանում գործում են 21 բազային գիտահետազոտական լաբորատորիաներ տեխնիկատեխնոլոգիական ոլորտի գրեթե բոլոր կարևոր և արդիական ուղղություններով՝ միկրո և նանոէլեկտրոնիկա, էներգետիկա և էլեկտրատեխնիկա, ռոբոտատեխնիկա, հելիոտեխնիկա, ավտոմատացված համակարգեր և մոդելավորում, ռենտգենային կառուցվածքային հետազոտություններ, էլեկտրամագնիսական համակարգեր, քիմիական տեխնոլոգիաներ և նանոկոմպոզիտներ, մեքենայական թարգմանություն, համակարգային վերլուծություն և այլն: Վերջին տարիներին համալսարանում ստեղծվել և արդյունավետությամբ գործում են ժամանակակից սարքավորումներով համալրված գիտակրթական արդիական ենթակառուցվածքներ՝ Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնահետազոտական և նորարարական կենտրոնը, ճարտարագիտական լաբորատորիաները Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում: Համալսարանը ժամանակակից տեղեկատվական միջոցներով համալրելու և գիտակրթական նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակով կառուցվել է ՀԱՊՀ տեղեկատվական ցանցն իր սերվերային հանգույցով, ստեղծվել են հեռաուսուցման լսարաններ Երևանի կրթահամալիրում և երեք մասնաճյուղերում: 2015թ. դեկտեմբերին մեկնարկել է 274մլն դրամ ընդհանուր ծավալով «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագիրը։ Այս կապակցությամբ վերջերս տեղի ունեցած «Պոլիտեխնիկական ընթերցումներ» խորագրով գիտական սեմինարում քննարկվեցին «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ի շրջանակներում ՀԱՊՀ-ի և «Բարվա» ինովացիոն կենտրոնի համագործակցության մի շարք հարցեր։ Նման ծրագրերը միտված են Հայաստանի ու համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների խթանմանը, դրանց արդյունքների ներդրմանն ու ապրանքայնացմանը:

010 52 03 45