Հակոբ Դաշյանը պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով

Հայոց ազգային բանակի 24 ամյակի առթիվ հունվարի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը մեդալներ հանձնեց մի խումբ ազատամարտիկների: Նրանց մեջ էր նաև Պոլիտեխնիկի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի հրաձգության դասախոս, ազատամարտիկ Հակոբ Էդիկի Դաշյանը, ով ՀՀ նախագահի 2016թ. հունվարի 23-ի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Մարզաշխարհում մեծ հաջողություններ ուներ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող, 20-ամյա Հակոբ Դաշյանը. հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամ էր, ԽՍՀՄ սպորտի վարպետ: Թվում է՝ ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով՝ կավարտի ուսումը, կաշխատի, կունենա իր ընտանիքը… Արցախյան ազատամարտը, սակայն, ընդհատեց երիտասարդ Հակոբի ապագայի ծրագրերը՝ առաջնորդելով նրան մարտական դժվարին ուղիով: Բանակում զինվորական ծառայություն դեռ չէր անցել, չգիտեր, զենք բռնել և օգտագործել: Սակայն հայրենիքը վտանգի մեջ էր, և Հակոբը, որպես կամավոր, մի խումբ ուսանողների հետ մեկնեց Արցախ: Հայրենի սահմանների պաշտպանությունը նրան շատ կարճ ժամանակում՝ 2 օրվա ընթացքում «սովորեցրեց» զենքի կիրառումը, և Հ. Դաշյանը միացավ Մարտակերտի շրջանի Սրխավենդի դիրքերում մարտնչող ազատամարտիկներին: 1993-ին Հակոբը վերադառնում է, մեկ ամիս անց կրկին մեկնում Վարդենիսի «Նորաբակ» գումարտակի կազմում՝ մասնակցելու Քարվաճառի ազատագրման մարտերին: Նա մասնակցել է Մարտակերտի շրջանի, Սրխավենդ, Ղազանչի և մի շարք այլ գյուղերի պաշտպանության և ազատագրման մարտերին: Հ. Դաշյանը պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Հայրենիքի պաշտպանության համար», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով: 2009 թվականից Հ. Դաշյանն աշխատում է Պոլիտեխնիկի Ֆիզկուլտուրայի և սպորտի ամբիոնում՝ որպես հրաձգության դասախոս՝ իր հմտությունները և փորձը փոխանցելով ուսանողներին: Իսկ ամենատպավորիչը նրա կյանքի ուղին է, որն ինքնին հայրենասիրության լավագույն դպրոց է: 2013 թ. նա դասավանդում է նաև ՀԱՊՀ-ի քոլեջում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան: «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի խմբագրակազմը շնորհավորում է Հակոբ Դաշյանին, նրան մաղթում երջանկություն, նորանոր հաջողություններ և ամենայն բա- րիք: Հ.Գ. Մինչև մեր հոդվածի տպագրումը փետրվարի 23-ին տեղի ունեցած ՀԱՊՀ-ի ռեկտորատի հերթական նիստում ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը հանդես եկավ իր իսկ բնորոշմամբ՝ համալսարանի համար պատվաբեր հայտարարությամբ. «ՀՀ նախագահի՝ 2016թ. հունվարի 23-ի հրամանագրով հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած նշա- նակալի ծառայությունների համար Պոլի- տեխնիկական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի հրաձգութ- յան դասախոս, ազատամարտիկ Հակոբ Էդիկի Դաշյանը պարգևատրվել է Մարտա- կան ծառայության մեդալով»: Պարոն Մարուխյանը շնորհավորելով ազատամարտիկ դասախոսին՝ պատմեց Արցախյան ազատամարտի բովով նրա անցած ուղու մասին, ապա ներկայացրեց Հ. Դաշյանի գործունեությունը համալսարանում: Բարձր գնահատելով ազատամարտիկ դասախոսի գործունեությունը՝ ռեկտորն առաջարկեց Հ. Դաշյանին տալ դրամական պարգև՝ մեկ աշխատավարձի չափով: Հ. Դաշյանը շնորհակալություն հայտնելով պարգևների համար՝ ասաց. «Ազատամարտիկ դասախոսներին ոչ բոլոր բուհերում են առանձնահատուկ ուշադրության արժանացնում: Ուրախ եմ, որ մեր բուհում գնահատվում է հայրենասիրությունը»: