Ապրում Է… Բարի հուշերով

Հեռանալուց հետո բոլորը չէ, որ հիշվում են բարի հուշերով: Այսպես հիշվում են միայն այն մարդիկ, ովքեր սրտացավ վերաբերմունք են ունենում շրջապատի մարդկանց ու գործընկերների նկատմամբ, ովքեր լի են պարտքի զգացումով, սիրով ու կարեկցանքով:

Պոլիտեխնիկում շատ բան է հիշեցնում Շահագործման տեխնիկական բաժնի պետ Վանցետ Խաչատուրի Մինասյանին, ով արդեն գրեթե 4 ամիս, ցավոք, մեզ հետ չէ: Այսօր նրան ափսոսանքով ու սիրով են հիշում պոլիտեխնիկցիներից շատ-շատերը, որովհետև նա բարի հետք է թողել այստեղ: Նա գրեթե չորսուկես տասնամյակ աշխատել է հարազատ կրթօջախում: Մեծ է նրա ավանդը Ազատամարտիկի պուրակի և հուշաղբյուրի հիմնադրման (4-րդ և 7-րդ մասնաշենքերին կից), ծառերի ու թփերի, ծաղիկներով լի թաղարների տեղադրման ու պահպանման գործում: Նրա ակտիվ աշխատանքի շնորհիվ Պոլիտեխնիկում և նրա շրջակայքում հակահասարակական երեվույթները անմիջապես բացահայտվել և կանխվել են: Ծնվել է 1935 թվականին Երևանում, միջնակարգ կրթությունը ստացել Եղիշե Չարենցի անվան դպրոցում: Հայրը զինվորական էր, և պատանին գնաց հոր հետքերով՝ 1953 թվականին ընդունվելով Ընդհանուր զինվորական ուսումնարան: Նույն թվականին դարձել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն: 1957 թվականին որպես սպա մեկնել է ծառայության Ուկրաինայի Պոլտովոյ քաղաք: Այստեղ էլ աչքի է ընկել որպես ծանրամարտիկ: Եղել է ծանրամարտի՝ Կիևի ռազմական օկրուգի չեմպիոն: Սպորտի վարպետության թեկնածու էր: Ապա վերադառնալով Երևան, նշանակվել է մայրաքաղաքի քրեական հետախուզության բաժնի ավագ օպերատիվ աշխատող: 1963 և 1965 թվականներին Վանցետ Մինասյանն ընտրվել է Երևանի քաղսովետի դեպուտատ: Վանցետ Մինասյանի կյանքում 1968 թվականը եղավ շրջադարձային, նա աշխատանքի ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որը նրա համար դարձավ հարազատ կրթօջախ: Հիմնական աշխատանքին զուգահեռ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի նախագահի տեղակալ, Աշխատանքի վետերանների խորհրդի նախագահ: 1969 թվականին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսական մասի արհմիության բյուրոյի նախագահ: 70-ականներին 5 տարի Պոլիտեխնիկից եղել է Մյասնիկյանի շրջանի դատարանում ատենակալ: 1972-74 թվականներին աշխատանքին զուգահեռ աշխատել է Մարմնակրթության ամբիոնում՝ որպես ծանրամարտի մարզիչ: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և մեդալներով: Սիրում էր երաժշտություն, նվագում էր ակորդեոն, գրում էր բանաստեղծություններ: Բոլոր աշխատանքները նա կատարում էր սիրով ու նվիրումով՝ դրանցում թողնելով իր հոգու մի մասնիկը:

8112 | 011710041 | 010520345