Պոլիտեխնիկում նշեցին Ծրագրավորողների միջազգային օրը

Պոլիտեխնիկում նշեցին Ծրագրավորողների միջազգային օրը

Սեպտեմբերի 13-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ծրագրավորողի միջազգային օրվան նվիրված Պոլիտեխնիկի ուսանողների հանդիպումը Բոստոնի համալսարանի շրջանավարտ Ռուբեն Մեսչյանի և Բեռլինի Հումբոլդտի համալսարանի շրջանավարտ Զավեն Բադալյանի հետ:

Մինչ միջոցառման մեկնարկին, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը, շնորհակալական խոսք հղեց բանախոսներին՝ ուսանողներին տրամադրած ժամանակի և ներկայության համար:

Բանախոս Ռուբեն Մեսչյանը, ներկաներին պատմեց իր պատանեկության տարիների և առաջին աշխատանքային փորձի մասին: Ըստ խոսնակի ծրագրավորումը անհրաժեշտ է բոլոր ոլորտներում: «Ծրագրավորումը սովորեցնում է սովորել, փնտրել նոր գիտելիքներ, օգնում է դառնալ ավելի հետաքրքրասեր ու ուսումնատենչ»,- նշեց Ռուբեն Մեսչյանը:

Հանդիպման երկրորդ մասում ելույթ ունեցավ Զավեն Բադալյանը: Նա խոսեց ծրագրավորման և ռոբոտաշինության մեջ մաթեմատիկայի կիրառության անհրաժեշտության մասին, խորհուրդ տվեց ծրագրավորում սովորելը սկսել մաթեմատիկայից և ֆիզիկայից հետո: Խոսվեց նաև մաթեմատիկա և ֆիզիկա իմացող ծրագրավորողների մոտեցման տարբերությունների մասին: «Ծրագրավորումն արհեստ է՝ իմանալով մաթեմատիկա մենք ավելի արագ կըմբռնենք այն»,-եզրափակեց Զավեն Բադալյանը:

Միջոցառման ավարտին  բանախոսները ուսանողներին հորդորեցին լինել ջանասեր, պատասխանատվությամբ մոտենալ գիտելիքի յուրաքանչյուր աղբյուրի, ազատ ժամանակը տրամադրել ինքնազարգացմամբ զբաղվելուն, քանզի լինել բազմակողմանի զարգացած մարդ նշանակում է լինել պահանջված մասնագետ։