Ռեկտորատի նիստում պարգևատրվեցին միջազգային մրցույթի հաղթողները

Ռեկտորատի նիստում պարգևատրվեցին միջազգային մրցույթի հաղթողները

Սեպտեմբերի 24-ի ՀԱՊՀ ռեկտորատի նիստը սկսվեց հաճելի արարողություններով: Միջազգային մրցույթներում նոր ձեռքբերումներ արձանագրած պոլիտեխնիկցի ուսանողները պարգևատրվեցին և ևս մեկ անգամ նշեցին իրենց հաղթանակը, որին արժանացել էին Եվրասիական արտոնագրային կազմակերպության  կողմից կազմակերպված «Հայացք դեպի ապագա» ունիվերսիադայում:  Այս մրցույթին Պոլիտեխնիկը մասնակցության հայտ էր ներկայացրել երկու տարիքային խմբերում՝ մինչև 18 տարեկան և 18-ից 25 տարեկան:

Մինչև 18 տարիքային խմբի անվանակարգում առաջին կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնող երիտասարդ հեղինակների խումբը «Խողովակների ներքին մակերևույթն ուսումնասիրող սարքավորում» աշխատանքի համար:

Հեղինակային խմբի անդամներն են՝ Անդրանիկ Ոսկանյանը, Արթուր Հակոբյանը և Երվանդ Տերտերյանը: Տղաներն իրենց սարքավորումը մշակել են ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում:

Աշխատանքը հաղթող է ճանաչվել անկախ փորձագիատական գնահատման արդյունքում, որն իրականացվել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության կողմից մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած աշխատանքների մեջ: Սարքը նախատեսված է տարբեր տրամագծով խողովակային ճանապարհների ներքին մակերևույթի ուսումնասիրման ու վնասվածքների հայտնաբերման համար:

Երկրորդ մրցանակը 18-ից 25 տարեկանների շրջանում կազմակերպված գյուտարարության մրցույթն է, որտեղ Պոլիտեխնիկը արժանացել է 2-րդ կարգի մրցանակի՝ «Քաղաքացիական անօդաչու թռչող սարքի խլացման ծրագրաապարատային համալիր մշակում N1 տեխնոլոգիայի կիրառմամբ» աշխատանքով: Հեղինակային խմբի անդամներն են  Տիգրան Գրիգորյանն ու Արարատ Ստեփանյանը:

Հաղթողների մրցանակները հանձնելու էր եկել  Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը, ով գործակալության անունից շնորհակալություն հայտնեց թե մասնակիցներին, թե Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությանը պատրաստակամության և իր ուսանողներին մշտապես աջակցելու, խրախուսելու համար:

Մրցանակակիրներին սերտիֆիկատները և նվերները հանձնեց ռեկտոր Ո. Մարուխյանը՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ:

Հաջորդ հաճելի արարողությունը վերաբերում էր ՏՀՏԷ ՏՏ 922 խմբի երկու ուսանողների՝ Սասուն Սահակյանին և Հրաչյա Եղիազարյանին, ովքեր ռեկտորի կողմից ստացան շնորհակալագրեր՝ օրինակելի վարքագիծ դրսևորելու համար: