«Մենք և Վան Գոգը». ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտները հոլանդացի նկարչի մասին պատմել են սիմվոլների լեզվով

«Մենք և Վան Գոգը».  ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտները հոլանդացի նկարչի մասին պատմել են սիմվոլների լեզվով

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում գույների տոն էր: Դիզայնի հոսքի 12-րդ դասարանի տաղանդաշատ աշակերտները, «Կոմպոզիցիա»-ի ուսուցչուհի Ելենա Գյուլմիսարյանի ղեկավարությամբ, կազմակերպել էին թեմատիկ ցուցահանդես-բաց դաս՝ «Մենք և Վան Գոգը» խորագրով։Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, դպրոցի տնօրենի պ/կ Գրիգորի Բաղրամյանը,  տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, ուսուցիչներ, ծնողներ:

Աշակերտները մեծ ոգևորությամբ և մի փոքր էլ հուզմունքով ներկայացրին իրենց աշխատանքները` հյուրերին տեղափոխելով արվեստի աշխարհ, պարգևելով գեղագիտական մեծ հաճույք:
Ըստ ուսուցչուհի Ելենա Գյուլմիսարյանի, ցուցահանդեսը բացվել է կրթական ծրագրում եղած ստեղծագործական ազատ աշխատանքի շրջանակներում.

«Աշակերտները ուսումնասիրել են Վան Գոգին և փորձել ստեղծագործել նրա ոճով ու նրա ձեռագրով: Փորձել են նկարների միջոցով պատմել Վան Գոգի կյանքի մասին՝ դիտողին տանելով Վան Գոգի կախարդական աշխարհ»:

Աշակերտները ներկայացրել էին իրենց աշխատանքները՝ օգտագործելով չորացրած ծաղիկներ, գրքի թերթեր և այլն, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացնում և գրավում իրենց մտահղացմամբ և յուրահատուկ գույներով:
Նելլի Համբարձումյանի խոսքով նման միջոցառումները դպրոցի կենցաղի մի մասն են դարձել:

Այսպիսով աշակերտները իրենց տեսական գիտելիքները կիրառում են գործնականում և ավելի մոտ կանգնում արվեստին:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտներն իրենց աշխատանքներով և նկարների մեկնաբանությամբ, իսկապես, դիտողներին տանում էին Վան Գոգի աշխարհ՝ հասկանալու՝ ո՞վ էր նա՝ խելագար հանճա՞ր, թե՞ դժբախտ ստեղծագործող, որը դատապարտված էր հավերժական միայնության: Ցուցահանդես-միջոցառման մասնակիցները կարողացան ոչ միայն ծանոթանալ հետիմպրեսիոնիզմի հանճարի գործերին, այլ նաև իմանալ ավելին նկարչի կյանքի և նրա ամենահայտնի կտավների ստեղծման պատմության մասին։

Պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը շնորհավորելով աշակերտներին և իրենց ուսուցչին նկատեց, որ յուրաքանչյուր աշխատանքի մեջ դրված էր սիրտ ու հոգի: Պրոռեկտորը առաջարկեց աշխատանքները դնել քվեարկության, որով կընտրվեն լավագույն երեք աշխատանքները: Այդ աշխատանքները կատարած աշակերտները կպարգևատրվեն դպրոցի կողմից: