ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Համալսարանի հասարակական հարաբերությունների զարգացման նպատակով ստեղծվել ու գործում են մի շարք կազմակերպական կառույցներ: 2001 թ. հիմնվեց և գրանցվեց Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտի (ՀԱՊՀ) շրջանավարտների միությունը, որի նախագահ ընտրվեց հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդ Սանդոյանը: Հասարակական այս կազմակերպությունը կոչված էր դառնալու կամուրջ համալսարանի և նրա ավելի քան 100 հազար շրջանավարտների միջև, սերտացնելու հասարակական հարաբերությունները, խթանելու գիտահետազոտական համագործակցությունը, ընդլայնելու ներդրումային ու հովանավորչական դաշտը: Ի դեպ, ՀԱՊՀ շրջանավարտների միության թիվ 1 անդամատոմսը շնորհվեց պոլիտեխնիկականի շրջանավարտ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

2006թ-ի մայիսին հրավիրված «ՀԱՊՀ շրջանավարտների միությունե հասարակական կազմակերպության համագումարի ընթացքում պատվիրակների որոշմամբ «Շրջանավարտների միությունը» վերանվանվեց «ԵրՊԻ-ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիայի»: Ասոցիացիայի նախագահ ընտրվեց Հայաստանի Հանրապետության լուսահոգի վարչապետ, մեր համալսարանի շրջանավարտ` Անդրանիկ Մարգարյանը:

Այսօր արդեն Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում` ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը: