ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱԶՄ   

 

 

ՀՀ անկախ պետականության տարիներին   ամբիոնը պատրաստել է ավելի քան 7500 բարձրորակ մասնագետներ, որոնք իրենց զգալի ներդրումն են ունեցել հանրապետությունում համակարգչային տեխնիկայի զարգացման բնագավառում, աշխատում են ինչպես հայրենի, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Հնդկաստանի, Իրանի, Սիրիայի և այլ արտասահմանյան երկրների առաջատար համալսարաններում, ընկերություններում և կազմակերպություններում:

Ամբիոնի շրջանավարտ Հայկ Եսայանը գլխավորում է հանրապետության ՏՏ ոլորտի առաջատար ձեռնարկությունների շարքին դասվող U!com ընկերությունը, մեծ թվով շրջանավարտներ հիմնել են փոքր և միջին ձեռնարկություններ, վերջին տարիներին ամբիոնի յոթ ասպիրանտներ և հայցորդներ հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական թեզեր:

Ներկայումս ամբիոնի թողարկող մասնագիտություններով առկա և հեռակա ուսուցմամբ տարեկան շուրջ 450 բակալավրեր և 40 մագիստրոսներ, ճարտարագետ-հետազոտողներ և հայցորդներ են սովորում:

Էրազմուս+  ուսանողների փոխանակման ծրագրով Իտալիայի Թուրինի պոլիտեխնիկական համալսարանում մեկ տարի սովորելուց հետո Մնացական Աբգարյանը ավարտեց ուսումը և ստացավ ճարտարագետ-բակալավրի որակավորում, իսկ ներկայումս նույն ծրագրով Ալիսա Առաքելյանը սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայում: Ամբիոնի մեկ այլ շրջանավարտ Զարուհի Ղազարյանը գերմանական DAAD կրթաթոշակով «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տնտեսագիտությունում» մասնագիտությամբ սովորում է Բեռլինի Հումբոլցի անվան համալսարանի մագիստրատուրայում: 

Ամբիոնի երեք շրջանավարտներ` Տաթևիկ Իշիկյանը(2011թ.),Արմինե Աբրահամյանը(2012թ.) և  Անդրանիկ Մոմջյանը(2015թ.) արժանացել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների:

ՔՀ և Ի ֆակուլտետի Հ220-1 խմբի ուսանող Ջանիկ Սևոյանը`

  • 2014 թվականին պարգևատրվել է «Սուքիասյան» հիմնադրամի կողմից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար սահմանված Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակով։
  • «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2014» մրցույթում ճանաչվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարվա «Լավագույն բակալավր»։
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լավագույն ուսանող-2015» հանրապետական մրցանակաբաշխության բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ ) ոլորտում, բակալավրի կրթական ծրագրով ճանաչվել է տարվա «Լավագույն ուսանող»։