ՊՈԼԻՏԵԽՆԻԿ ԷԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ

20171207_134625Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ ավանդական բնույթ են կրում:

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել էր Ա. Մարգարյանի անվ. թիվ 29 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտներին։ Երևանի Ա. Մարգարյանի անվ. թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները Պոլիտեխնիկ էին այցելել դասղեկ Ի. Առաքելովայի և քիմիայի ուսուցչուհի Լ. Բալոյանի, իսկ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի աշակերտները` ուսմասվար Ա. Մխիթարյանի և քիմիայի ուսուցիչ Հ. Սիմոնյանի ուղեկցությամբ։ Ի դեպ,  Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի աշակերտները առաջին անգամ էին Պոլիտեխնիկում։

Երկու դպրոցների կենսաքիմիական խորացված հոսքի աշակերտները եղան լաբորատորիաներում, ծանոթացան Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի քիմիական լաբորատորիաներում առկա ժամանակակից սարքավորումներին։  Նրանք ականատես եղան մետաղներից օքսիդների ստացման, հիմքերի և թթուների օգնությամբ չեզոքացման ռեակցիաներին, կալիումի պերմանգանատի օգնությամբ մաքուր թթվածնի ստացմանը վերաբերող մի շարք փորձերի։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ կատարեցին հատկապես «Փարավոնի օձ» և «Քիմիական հրաբուխ» փորձերը։

Աշակերտները հանդիպում ունեցան նաև ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան Ա. Թադևոսյանի հետ, ով խոսեց  ֆակուլտետի, քիմիական մասնագիտությունների առանձնահատկությունների և քիմիայի հեռանկարների մասին։

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Դանիել Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ այսօր մասնագիտության ընտրության հարցում դեռ չէր կողմնորոշվել, սակայն այս հանդիպումից հետո հավանաբար կընտրի Պոլիտեխնիկը։

 20171207_134646



բոլոր նորությունները