ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

IMG_7206Դեկտեմբերի 1-ին կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:

Նիստին ներկա էին ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, հարսը՝ Թամարա Սիրունյանը և «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահագն Մամյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, հանդիսավոր պայմաններում ՀԱՊՀ երկու ուսանողների շնորհվեց Պոլիտեխնիկի շրջանավարտ, հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակ:

Դեռևս 2017 թվականի հունվարի 29-ին ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում Ռ. Դեմիրճյանը նշել էր «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի կողմից 2017/2018 ուստարում անվանական երկրորդ կրթաթոշակ տրամադրելու մասին: ՀԱՊՀ-ի հայտարարած կրթաթոշակից բացի, այս տարի «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի կողմից սահմանվել է կրթաթոշակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի՝ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Ռ. Դեմիրճյանը և ռեկտոր Ո.Մարուխյանը Գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՄՏԴ ինստիտուտի «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ռոմիկ Մկրտչի Ասեյանին և «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում)» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արտակ Շահենի Շհոյանին շնորհեցին անվանական կրթաթոշակի հավաստագրերը:

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը բուհի ուսանողների, դասախոսների և ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց Ռ.Դեմիրճյանին «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի կողմից սահմանված նոր կրթաթոշակի համար։

Այնուհետև Գիտխորհուրդն անցավ օրակարգային հարցերին։

Ելույթ ունեցան ՀԱՊՀ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերի տնօրեններ Ա. Պապոյանը, Ա. Խառատյանը և Ա. Կոստանյանը։ Նրանք մանրամասնորեն ներկայացրեցին մասնաճյուղերի 2016/2017 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։

Հաշվետվություններն ընդգրկում էին մասնաճյուղերի գործունեության տարբեր բնագավառներում ձեռնարկված փոփոխությունների մանրամասն նկարագրությունը և իրերի վիճակը հաշվետու տարվա վերջի դրությամբ: Բացի դրանից, ներկայացված էին ենթակառուցվածքային, ռեսուրսային, որակական ցուցանիշները՝ կապված ուսումնական գործընթացի արդյունքների հետ:

Հաշվետվությունների վերլուծությունները ցույց տվեցին, որ մասնաճյուղերը հաշվետու ժամանակահատվածում արդյունավետ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրների մեծ մասը, չնայած կային խնդիրներ, որոնց իրականացումը  ներքին և արտաքին մի շարք գործոնների պատճառով հնարավոր չի եղել իրականացնել։

Հաշվետվությունների վերաբերյալ եղան բազմաթիվ հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ։

Օրակարգային հաջորդ հարցը Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով  շրջանավարտների ամփոփիչ  ատեստավորման ընթացակարգի հաստատման մասին ՈՒՄՎ պետ, պրոռեկտոր Կ. Արզումանյանի զեկուցումն էր։

Լսելով հաղորդումը «ՀԱՊՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջների և իրականացման ընթացակարգի» մասին և հիմք ընդունելով ՀԱՊՀ ռեկտորատի  ու Գիտական  խորհրդի Կանոնադրական համակարգման և կառուցվածքային փոփոխությունների  մշտական  հանձնաժողովի երաշխավորությունները` Գիտխորհուրդը որոշեց հաստատել ընթացակարգը։

Օրակարգային 3-րդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ռեկտոր Ո. Մարուխյանը։ Նա առաջարկեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Ս. Կարապետյանին ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի  կոչում շնորհելու մասին։

Արժանվույնս գնահատելով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Սամվել Սարգսի Կարապետյանի խոշորամասշտաբ ներդրումները Պոլիտեխնիկի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տեխնիկական վերազինման, 2-րդ մասնաշենքի շարունակական կապիտալ վերանորոգումների իրականացման ու կահավորման, արտասահմանյան հանրահայտ ընկերությունների գերազանցության կենտրոնների հիմնման, ինչպես նաև վերոնշյալ և Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի ու դիզայնի ինստիտուտների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին աննախադեպ կրթաթոշակների տրամադրման գործը, ղեկավարվելով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 7-րդ բաժնի թիվ 46 կետի 12-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի ս.թ. նոյեմբերի 28-ի թիվ 01⁄13 որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Գիտխորհուրդը որոշեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Ս. Կարապետյանին շնորհել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում:

Որոշվեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանին  և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կարեն  Հարությունյանին պարգևատրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ոսկե հուշամեդալով:

Այնուհետև լսելով Պոլիտեխնիկի Գիտատեխնիկական խորհրդի նախագահ Ա. Գրիգորյանի հաղորդումը, ՀԱՊՀ Գիտխորհուրդը որոշում կայացրեց միջնորդություն ներկայացնել   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, տ.գ.դ. Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանի “Методы определения однопараметрических обобщенных обратных матриц” և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մ.գ.դ. Արպատ Ավանեսյանի «Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգը» մենագրությունները ներկայացնել  ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակին։

Նիստի ավարտին հրապարակվեցին դոցենտի գիտական կոչումների շնորհման փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաներ» ամբիոնի ասիստենտ Հասմիկ Գևորգյանին, «Հասարակական գիտություններ» ամբիոնի ասիստենտ Արթուր Ղազարյանին, «Ռուսաց լեզու» ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյանին և «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի ասիստենտ Երվանդ Շամամյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում։

ՀԱՊՀ Գիտական խորհուրդը ավարտեց իր աշխատանքը:

IMG_7207IMG_7210IMG_7211



բոլոր նորությունները