ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2017թ. սեպտեմբերի 1-ից հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 

 

2017 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին Երևան քաղաքում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես։ Հանձնաժողովի նիստում տեղի կունենա նախագծերի պաշտպանություն հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից և նախագծերի վերջնական գնահատում: 

 

Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: 

 

2017 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ 

  • Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա
  • Կենդանի համակարգեր (բժշկություն, կենսատեխնոլոգիա, դեղագիտություն, կենսատեխնոլոգիական լուծումներ բժշկության համար, կենդանի համակարգերի հետազոտման կենսատեղեկատվական և համակարգչային մեթոդներ, նանոտեխնոլոգիաներ) 
  • Ճշգրիտ գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճշգրիտ ճարտարագիտություն՝ բարձր ճշգրտությամբ կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական մշակումներ): 

 

Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)): Չեն բացառվում էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ վիդեո, աուդիո նյութեր, գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն: 

 

Կիրառվելու են նախագծի գնահատման հետևյալ չափանիշները՝ 

  • ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը
  • մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը
  • գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը
  • նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը և դրանց հասնելու ուղիների հստակությունը
  • թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը: 

 

Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները: Մրցութային հայտերն ընդունվում են 2017 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը: 

Առավել մանրամասն ինֆորմացիան՝ այստեղ http://www.erit.am/news/hy/77593