ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

DSC_1201Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է Գևորգ Հարությունյանը:

Սեպտեմբերի 4-ին Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովը: Նիստը վարեց ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը:

Օրակարգում ընդգրկված էին 2015-2017թթ. ՈւԽ-ի գործունեության հաշվետվությունը, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահի, նախագահության անդամների, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի անդամության թեկնածուների ընտրությունները:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին` Գ.Վարդանյանը ամփոփ ներկայացրեց 2015-2017թթ. ՈւԽ-ի գործունեությունը, կատարված ծավալուն աշխատանքները: ՈւԽ նախագահության կազմը դրական գնահատեց հաշվետվությունը:

Հաջորդիվ տեղի ունեցավ ՈւԽ նախագահի թեկնածուի առաջադրումը: Ինչպես արդեն հրապարակված էր, նախագահության կազմը դեռևս օգոստոսի 31-ի նիստում նախագահի թեկնածու էր առաջադրել ՈւԽ փոխնախագահ Գևորգ Հարությունյանին:

Գ.Վարդանյանը, ներկայացնելով Գ.Հարությունյանին, թվարկեց բոլոր այն պաշտոնները, որոնք զբաղեցրել էր ՈւԽ նախագահի թեկնածուն: «Գ.Հարությունյանը նպատակասլաց, բանիմաց և պարկեշտ անձնավորություն է: Նա ընկալելի է ինչպես Պոլիտեխնիկի ուսանողության, այնպես էլ հարևան բուհերի ուսանողական ինքնակառավարման ոլորտի համար»,-ասաց Գ.Վարդանյանը:

Ընդհանուր ժողովի կազմը բաց քվեարկությամբ հաստատեց Գ.Հարությունյանի թեկնածությունը ՈւԽ նախագահի պաշտոնին առաջադրվելու համար:

Հաջորդ առաջադրումներով համալրվեցին ՈւԽ նախագահության, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի անդամության թեկնածուները:

ՀԱՊՀ ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանը, ով Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ասպիրանտ էր, ամռանը բարեհաջող ավարտց իր ուսումնառությունը` պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն: Նա Պոլիտեխնիկում այսուհետ զբաղվելու է վարչական աշխատանքով՝ իրականացնելով ռեկտորի տեղակալի իր գործառույթները:

Ելույթ ունեցավ ռեկտորի օգնական, ՈւԽ ՈւԳԸ նախագահ Կ. Կոգարովը: Նա Գ.Վարդանյանին նվիրեց «Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյան» ՈւԽ սենյակի ցուցատախտակը: Շնորհակալություն հայտնելով միասնական արդյունավետ աշխատանքի համար՝ Կ.Կոգարովը նշեց. «Իմ ելույթը բաժանված է երեք մասի: Առաջինում գնահատելու եմ Գ.Վարդանյանի աշխատանքը, երկրորդում հայտնելու եմ իմ ՈւԽ-ում լիազորությունների դադարեցման մասին և երրորդում հաջողություն եմ մաղթելու նոր թիմին»:

Հաշվիչ հանձնաժողովը (նախագահ՝ Կ.Կոգարով) և Գ.Վարդանյանը, հավանություն ստանալով նախագահության անդամների կողմից, հայտարարեցին փակ գաղտնի քվեարկություն անցկացնելու մասին:

Փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ՈՒԽ նախագահ ընտրվեց ՈՒԽ փոխնախագահ, ՔՀ և Ի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Գևորգ Արմենի Հարությունյանը: Ընտրվեցին նաև նախագահության, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի ուսանողական համակազմերը:

Ընտրության արդյուքների հրապարակումից հետո Գ.Վարդանյանը ՈւԽ նախագահի պաշտոնում վերջին ելույթով դիմեց ուսանողներին. «Այն, ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ: Այս խոսքերը ընդունելով ամենայն լրջությամբ՝ այսօր Ուսանողական խորհրդի նախագահության ընդհանուր ժողովին ներկայացրեցի վերջին 5 տարիների ընթացքում ՈւԽ նախագահի պաշտոնում իմ կատարած աշխատանքը: Իհարկե, այդ ճանապարհին եղել է գործունյա, բանիմաց թիմ, մարդիկ, որ հավատարիմ և անդավաճան շարունակել են աշխատանքը՝ անկախ որևէ փոփոխության և վայրիվերումների: Մենք այս տարիների ընթացքում ապացուցել ենք, որ հզոր ենք, երբ միասին ենք, և որ մեր ուժը մեր միասնության մեջ է:»

Շնորհակալություն հայտնելով իր թիմի բոլոր անդամներին` արդեն լիազորությունները վայր դրած նախագահ Գ.Վարդանյանը նախագահության նոր կազմին մաղթեց բեղմնավոր աշխատանքային տարիներ:

Ելույթ ունեցավ նաև ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Գ.Վարդանյանին հնգամյա արդյունավետ կառավարման, գրանցած հաջողությունների և Պոլիտեխնիկի համար ոչ դյուրին շրջանում ցուցաբերած ուժեղ կամքի համար: Ո.Մարուխյանը շնորհավորեց նորընտիր ՈւԽ նախագահին` մաղթելով հաջողություններ:

ՈւԽ նորընտիր նախագահ Գ.Հարությունյանը դիմելով ուսանողներին ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ վստահության քվե տալու համար: Դուք քիչ առաջ ընտրեցիք ՈւԽ նախագահության այնպիսի կազմ, որը շարունակելու է Գոռ Վարդանյանի կատարած ծավալուն աշխատանքները, թիմ՝ որ ունակ է զարգացնելու ինքնակառավարվող մարմինը՝ ի շահ ուսանողների իրավունքների:» Ելույթի ավարտին Գ.Հարությունյանը վստահեցրեց, որ աշխատելու է սիրով և նվիրումով:

ՈւԽ նախագահի պաշտոնում որպես առաջին որոշում, Գ.Հարությունյանը ստորագրեց Գ.Վարդանյանին ՀԱՊՀ ՈւԽ Սպտակ դիպլոմով պարգևատրելու որոշումը: «Սա այն դիպլոմն է, որը Գ.Վարդանյանի մտահղացումն էր և որի համար նա ջանք ու եռանդ չի խնայել»,-ասաց Գ.Հարությունյանը:

Այսպիսով, Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովն ավարտեց իր առաջին նիստը:

ՀԱՊՀ ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիրները շնորհավորում են ՈւԽ նորընտիր նախագահ Գևորգ Հարությունյանին, նախագահության, ՀԱՊՀ Հոգաբարձուների և Գիտական խորհրդի նորընտիր անդամներին` մաղթելով ստեղծագործական հաջողություններ: 

 

DSC_1170DSC_1175DSC_1176DSC_1179DSC_1180DSC_1182DSC_1191DSC_1200DSC_1201DSC_1204DSC_1206DSC_1208DSC_1217DSC_1219 DSC_1225 DSC_1235 DSC_1241 DSC_1255DSC_1263DSC_1265DSC_1267DSC_1270DSC_1272DSC_1281DSC_1285DSC_1290DSC_1169



բոլոր նորությունները