ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ

1Սեպտեմբերի 1-ին աշակերտների առջև իր դռները բացեց հանրապետության մոտ 1400 դպրոց:

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը նույնպես հանդիսավոր պայմաններում ընդունեց աշակերտներին և նրանց ծնողներին:

Դպրոցի հարակից բակում աշակերտներին ընդունեցին դպրոցի ղեկավարությունը՝ տնօրեն Արման Առաքելյանը, տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և Աշակերտական խորհրդի աշակերտները:

Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորելով աշակերտներին՝ Ա.Առաքելյանը ողջունեց դպրոցն առաջին անգամ ոտք դնող աշակերտներին, մաղթելով բարձր առաջադիմություն: «Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը` գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը: Տոնական այս օրը առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր այն աշակերտներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց։ Մեր հարազատ «Պոլիտեխնիկը» գոհունակությամբ ու գրկաբաց ընդունում է մեր շարքերի հերթական համալրումը` ի դեմս Ձեզ և իր բոլոր հնարավորությունները ի սպաս է դնում Ձեր որակյալ կրթության ապահովման նպատակով։ Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է և մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը», – ասաց Ա․Առաքելյանը։

Ավարտելով ելույթը՝ Ա.Առաքելյանը մաղթեց, որ դպրոցական տարիները դառնան աշակերտների համար երիտասարդական անսպառ եռանդի և տարաբնույթ հետաքրքրությունների իրականացման ժամանակահատված:

Ողջույնի խոսքից հետո ազդարարվեց ուսումնական տարվա մեկնարկը և աշակերտները շտապեցին դասարաններ:

Նշենք, որ օգոստոսի 30-ին դպրոցի ղեկավարությունը աշակերտներին հրավիրել էր դպրոց ծանոթանալու իրենց դասղեկների, ուսուցիչների հետ և ստանալու կրթական գործընթացի կազմակերպման փաթեթը:

Դասերի մեկնարկից հետո «Պոլիտեխնիկ» թերթի թղթակցի հետ զրույցում Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը նշեց, որ բնագիտամաթեմատիկական թեքումով Ավագ դպրոցն այս տարի հյուրընկալել է 333 աշակերտի:  Ֆիզմաթ, ինժեներական և դիզայն ենթահոսքերում ձևավորվել է 14 դասարան: Առարկայական ցանկը սակայն չի սահմանափակվում պետականորեն հաստատվածներով։ Այս ամենին զուգահեռ  դպրոցն  ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար նախաձեռնել է   սեփական ուսումնական ծրագիր ևս։  Ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն ուսումնասիրելու «ինժեներական մոդելավորում», «ռոբոտիքս»՝ ռոբոտաշինություն առարկաները, որոնք հնարավորություն կտան հետագայում Պոլիտեխնիկական համալսարանում հեշտությամբ ուսումնասիրել այս առարկաները։ Պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցն այս եզակիներից է Հայաստանում, որն առաջարկում է  «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաների  խորացված ուսուցում, ինչպես նաև «էլեկտրոնիկա» և տնտեսության գերակա ճյուղի՝ ՏՏ ոլորտի մյուս առարկաները։ Այստեղ  սահմանված  բուն  ուսումնականին զուգահեռ իրականացվում է նաև արտադասարանական ծրագրեր։ Մաթեմատիկական և ֆիզիկական չոր հաշվարկներից դուրս ավագ դպրոցի սաները  հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային ծրագրերին և օլիմպիադաներին։ Աստղագիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի օլիմպիական խմբակները  արդեն իսկ բազմիցս մասնակցել են միջազգային օլիմպիադաներին և մրցույթներին, որի արդյունքում վերադարձել  են մրցանակներով։ Օրինակ՝ Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայից Ավագ դպրոցի աշակերտները անցյալ տարի վերադարձան «Լավագույն ինժեներական միտք» մրցանակով։

Այստեղ ոչ միայն երեխաներին սովորեցրել ու շարունակում են սովորեցնել մտածել, համաձակ ստեղծագործել թվերի աշխարհում, այլև ծավալել հասարակական  ակտիվ գործունեություն։ Այս տարի դպրոցի սաները որպես՝ կամավոր,  մասնակցել են ընդունելության գործընթացի կազմակերպչական աշխատանքներին։

Դպրոցի սյս տարվա ձեռքբերումներից է ինժեներական մոդելավորման ենթահոսք բացվելը։  Ավագ դպրոցում դասավանդում են Պոլիտեխնիկի դասախոսները և դպրոցի հիմնական ուսուցչական կազմը։

 23456



բոլոր նորությունները