ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

DSC_9307Սեպտեմբերի 1-ը՝ 2017-2018  ուսումնական տարվա սկիզբը և Գիտելիքի ու դպրության օրը նշվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքի մոտակա պուրակում։ Պոլիտեխնիկի առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բարձր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև առաջին կուրսեցիներ՝ հարազատների ու ընկերների ուղեկցությամբ։

Մասնակիցները ունկնդրեցին Հայաստանի Հանրապետության և Պոլիտեխնիկի օրհներգերը։

Այս տարի նույնպես միջոցառումը վարում էր Պոլիտեխնիկի ուսանող Արմեն Զաքարյանը, ով ամփոփ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը՝ ամբիոնի մոտ հրավիրելով ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին։

Ողջունելով և նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորելով բոլորին՝ Ո. Մարուխյանը բարի գալուստ մաղթեց առաջին կուրսեցիներին։ «Հիմնադրման 85-րդ տարին թևակոխած հաստատության, հանրապետության տեխնոլոգիական կրթության առաջատար Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ղեկավար կազմի կողմից ընդունեցեք ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ պոլիտեխնիկական հանրույթին անդամագրվելու նշանակալից իրադարձության կապակցությամբ», – ասաց Ո․Մարուխյանը։

Ռեկտորը առաջին կուրսեցիներին ներկայացրեց արմատական բարեփոխումների վճռորոշ գործընթացը, խոսեց ուսանող-գործատու հարաբերումների մասին։

Եզրափակելով խոսքը՝ ռեկտորը Պոլիտեխնիկի նորաբնակներին մաղթեց ուսանողական առլեցուն կյանք, անամպ և խաղաղ երկինք։

Ուսանողներին ողջունեց նաև ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը։ «Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է նոր ուսումնական տարին, տեխնիկական գիտելիքներով հարստանալու ու ինժեներական արժեքներ ճանաչելու շրջանը: Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով կանաչ ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ում վստահված է ինժեներների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ` իրենց շնորհակալ աշխատանքում» , – ասաց Գ.Վարդանյանը։

Ռեկտորի տեղակալը նշեց նաև 2-րդ մասնաշենքի հիմնովին վերանորոգման, լաբորատոր բազայի թարմացման և ուսանողների համար նոր հնարավորությունների ստեղծման մասին։

Ողջույնի խոսքերով հանդես եկան ՔՀ և Ի ֆակուլտետի դեկան Սիրանուշ Մանուկյանը և ՈւԽ փոխնախագահ Գևորգ Հարությունյանը։

Շնորհավորելով ուսանողներին՝ Գ.Հարությունյանը խոսեց սեպտեմբերի 4-ին կայանալիք Ուսանողական խորհրդի նախագահության ընդհանուր ժողովի մասին, որտեղ պետք է ընտրվի Ուսանողական խորհրդի նոր կազմը։

Հանդիսության ավարտին հայտարարվեց այն լսարանների համարները, որտեղ առաջին կուրսեցիները հանդիպումներ պետք է ունենան իրենց ֆակուլտետների/ինստիտուտների ղեկավար կազմի հետ։

Նշենք, որ ստացած գիտելիքները ամբողջացնելու և մասնագիտական որակներ ձեռք բերելու համար այս տարի շուրջ 963 աշակերտ ընդունվեց Պոլիտեխնիկ։ Բակալավրի 33 մասնագիտություններում ուսում կստանա 858 ուսանող։ Դիմորդներին ավելի շատ հետաքրքրել են ՔՀ և Ի ֆակուլտետի մասնագիտությունները։ Ընդհանուր առմամբ Պոլիտեխնիկական համալսարանում ուսումը պետպատվերի շրջանակում կանցկացնի 262 ուսանող։

DSC_9289DSC_9293DSC_9296DSC_9299DSC_9301DSC_9303DSC_9305DSC_9311DSC_9314DSC_9318DSC_9324DSC_9329DSC_9334DSC_9336DSC_9338DSC_9341



բոլոր նորությունները